2008 թվականին Երևան-Մինսկ չվերթի մեկ ուղղությամբ ավիատոմսը արժեր 40.000 դրամ (1$-ը արժեր 450 դրամ), 2019-ին այդ նույն մեկ ուղղությունը արժեր 70.000 դրամ, 2020-ի հուլիսին «Բելավիա»-ի լրացուցիչ չվերթներով օդանավերը, մեղմ ասած, արագորեն լցվում են՝ 1 օրվա ընթացքում բոլոր տեղերը գնվում են, պահանջարկն ահավոր մեծ է։ Հիմա ուշադրություն՝ մեկ ուղղությամբ ավիատոմսի գինը Երևան-Մինսկ արժե 225.000 դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը։

Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ պահանջարկն այնքան մեծ է, որ անգամ եթե 300 հազար դրամ դարձնեն տոմսը, մարդիկ կօգտվեն։ Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված պահանջարկի աճը, և արդյոք նախկինում չկա՞ր այդ պահանջարկը, որ գինը մատչելի էր, Նավիկ Խաչատրյանը պատասխանեց՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով Հայաստանից հիմնականում տղամարդիկ գնում են Մինսկ, այնտեղից անտառներով գնում Ռուսաստան։

«Պահանջարկն այնքան մեծ է, որ 300 հազար էլ դնեն, մեկ է՝ մարդիկ գնալու են։ Հայաստանի կողմից որևէ մրցակցություն չկա, մեր խելացի իշխանությունները գտնում են, որ կարիք էլ չկա տեղական դրոշակակիր փոխադրող ունենալու։ Դա արդեն խոսում է 225 հազար դրամի մասին։ Կուզեն՝ կդնեն 300 հազար, խնդիր չկա։ Էնքան մարդ կա, որ պանդեմիայի պատճառով գնում է։ Հիմնականում տղամարդիկ։ Ընտանիք են պահում։ Գիտե՞ք՝ ինչ են անում։


Այստեղից գնում են Մինսկ, այնտեղից անտառներով, այլ ճանապարհներով գնում Ռուսաստան։ Մի երկու օր առաջ մեր ընկերներից մեկի հետ էի խոսում, ասաց՝ այդ ճանապարհով գնացողներից մեկի վրա կրակել են։ Չգիտեմ՝ սպանե՞լ են, թե՞ ոչ։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակում են Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ուզում են ընդամենը իրենց ընտանիքները պահել։ Աջակցություն չեն ստանում, դրա համար այդ քայլին են դիմում»,- ասաց Նավիկ Խաչատրյանը։

Ըստ նրա՝ առաջարկ-պահանջարկի օրենքով է պայմանավորված Երևան-Մինսկ չվերթի տոմսերի նման բարձր գինը։ «Դրանք են սահմանում գները։ Գնի բարձրացման կամ նվազեցման հարցում օգնում է նաև տեղական մրցակցության բացակայությունը։ Եթե Մինսկից Երևան երկու ավիաընկերություն թռչի, պարզ է, որ մրցակցություն չի կարող լինել։ Արագ գին կպայմանավորվեն ու կպահեն։ Իսկ մեր կողմից չեն կարող պայմանավորվել իրենց հետ, քանի որ մենք ուզում ենք մեր ուղևորը էժան թռչի։ Մենք չենք հասկանում դա»,- շեշտեց Նավիկ Խաչատրյանը։

Հարցին՝ Քաղավիացիայի կոմիտեն այս հարցի հետ կապված որևէ իրավասություն չունի՞ միջամտելու, ոլորտի մասնագետը խնդրեց այդ հարցերը ուղղել Կոմիտե, միաժամանակ իրենք էլ կիմանան, թե ինչու է այս վիճակը. «Ես խոսուն թվեր եմ գրել, ոչ մի սխալ կամ սուտ բան չկա։ Թող Քաղավիացիան պատասխան տա»։

Փորձեցինք կապ հաստատել Քաղավիացիայի կոմիտեի ներկայացուցչի հետ մեր հարցերն ուղղելու համար, սակայն այնտեղից մեզ փոխանցեցին, որ աշխատում են միայն գրավոր հարցումների տարբերակով։ Հետևաբար ուղարկել ենք գրավոր հարցում, պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։