Արթուրին անվանում էին «Սիրուն տղա». մենք փոքր տարիքում երկուսով հաճախել ենք պարի դպրոց: Կային շատ անվանակիցներ, բայց ինքը առանձնանում էր իր սիրունությամբ: Թե՛ պարի դպրոցում, թե՛ մեր հարազատների շրջանում Արթուրը այդպես է հայտնի, ու մինչ օրս էլ այդպես ենք հիշում իրեն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հայ-ադրբեջանական սահմանին հրազենային ծանր վիրավորումից օրեր անց մահացած 19-ամյա զինծառայող Արթուր Մուրադյանի հորեղբոր աղջիկը՝ Մերին:

«Արթուրը շատ լուսավոր էր. 2019 թվականին ավարտեց Երևանի թիվ 105 ավագ դպրոցը, ընդունվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետ. շատ էր սպասում ուսանողական տարիներին, բայց, ավաղ, չհասցրեց վայելել: Ուզում էր սովորել, կայանալ կյանքում: Սիրում էր օրն անցկացնել ընկերների հետ, շատ կենսախինդ էր, իրենից միշտ սովորելու բան ունեինք բոլորս, միմյանց շատ կապված էինք, եղբայրների, քույրերի հանդեպ շատ ուշադիր էր»,- պատմում է Արթուրի քույրը:

Մերին հիշում է՝ բանակ գնալիս՝ Արթուրը ընդհանրապես չէր տխրել. «Տղաներ կան, որ տխրում են, բայց ինքը շատ ոգևորված էր: Ամեն ինչ արվել էր, որպեսզի Արթուրը ծառայեր իր եղբոր հետ նույն զորամասում: Եղբայրը օգոստոսին կզորացրվի»:

Մերին եղբորը վերջին անգամ տեսել է դեկտեմբերի 17-ին՝ նրա բանակ գնալու խնջույքին. «Շատ ուրախ էր ինքը, ու ես իրեն հենց այդպես եմ հիշում, անվերջ պարում էինք, չնայած՝ իր հետ միշտ է ուրախ եղել»,- իր հիշողություններով կիսվում է Մերին:

Քույրը նկատում է՝ եղբայրս, եթե նույնիսկ նեղսրտում էր՝ իր մեջ էր պահում, ոչ ոքի ցույց չէր տալիս, դժվարություններից երբեք չէր վախենում:

«Արթուրը շատ հայրենասեր ու անվախ էր, բնավորությամբ՝ այդքան էլ բռնկվող չէր»,- ընդգծում է Մերին:

«Դեպքից առաջ, որքանով, որ ես եմ տեղյակ, խոսել է մայրիկի ու տատիկի հետ: Դեպքի ժամանակ հեռախոսազանգերին չի պատասխանել, նրա փոխարեն եղբայրն է պատասխանել, ինչն էլ ծնողների անհանգստության պատճառն է դարձել»,- նշում է Արթուրի քույրը:

Արթուրի՝ սիրած աղջիկ ունենալու մասին քույրը չցանկացավ խոսել:

Նշենք, որ օգոստոսի 23-ին կլրանար «Սիրուն տղայի» 19 տարեկանը: