Հուլիսի 24-ին, ժամը 19:41-ին և 19։46-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից իրականացվել է «Ձյունիկ սառնարան»-ի շենքի (մաքսային պահեստ) մի մասի մասնակի պայթեցում։ Պայթեցման արդյունքում շենքի փլուզում տեղի չի ունեցել։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Համաձայն «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ի ղեկավարության հայտարարության՝ փլուզումը տեղի չի ունեցել էլեկտրական սարքի խափանման արդյունքում շենքում տեղադրված պայթուցիկների մի մասի չգործելու պատճառով։

Էլեկտրական սարքը հանձնվել է համապատասխան լաբորատորիա փորձաքննության։ Պայթեցման արդյունքում շենքի կրող սյուները մասնակիորեն թուլացել են, բայց այս պահի դրությամբ շենքի փլուզման վտանգ չկա։ Տեղադրված պայթուցիկներն անվտանգ են, տարածքում իրականացվում է հերթապահություն ՀՀ ոստիկանության ուժերով։

Անվտանգությունից ելնելով՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը ևս շարունակում է իրականացնել հերթապահություն։

Դեպքի վայրում են գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը, «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Վ․ Պետրոսյանը։

Պայթեցման աշխատանքները կիրականացվեն մի քանի օրից, որի մասին լրացուցիչ նախապես կտրամադրվի տեղեկատվություն։