Lragir.am-ը գրում է. Կրեմլը հաղորդագրություն է տարածել, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Էրդողան-Պուտին հեռախոսազրույց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցի թեմայով: Ըստ հաղորդագրության, զրույցի մասնակիցները ընդգծել են դիվանագիտական կարգավորման անայլընտրանքությունը: Պուտինը, ըստ Կրեմլի, կարեւոր է համարել թույլ չտալ այնպիսի քայլեր, որոնք կլարեն իրավիճակը: Պուտինն ու Էրդողանը նշել են միջազգային իրավունքի հիմքով, եւ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից բխող դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը:


Թե հեռախոսազրույցն ինքնին, թե դրա թուրքական նախաձեռնություն լինելն ու որոշ ձեւակերպումներ բավականին հետաքրքիր են: Թուրքիան գրեթե առաջինն արձագանքեց Տավուշի ադրբեջանական սադրանքին հաջորդած հայկական պատժիչ գործողությանը: Դա վկայում էր, որ Անկարան դրանում տեսել է վտանգ ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ իր ռազմավարական շահին: Ռուսաստանն իր արձագանքով կոչ արեց Անկարային լինել զուսպ, թերեւս այդպիսով մեժելով քննարկել ստեղծված իրավիճակը:


Ռուս-թուրքական շփումներ սկսեցին մի քանի օր անց, երբ իրար հետեւից տապալվեցին ռազմավարական կորուստը հետ բերելու ադրբեջանական փորձերը: Հեռախոսազրույց տեղի ունեցավ Չավուշողլուի եւ Լավրովի միջեւ: Այն, որ Էրդողանն իր նախաձեռնությամբ զանգահարում է Պուտինին, թերեւս վկայում է, որ թուրքական կողմը դժգոհ է եւ ունի խոսելու անհրաժեշտություն: Հատկանշական է այն, որ Էրդողանը Պուտինին զանգահարում է Ադրբեջանում եւ Նախիջեւանում թուրք-ադրբեջանական խոշոր զորավարժության մասին տեղեկատվության տարածման ֆոնին:

Անկարան Մոսկվա է զանգել հավաստիացնելու, որ զորավարժությունը սադրանք չէ կամ չի լինի սադրա՞նք, թե՞ զորավարժությունն իբրեւ շանտաժ եւ ճնշում բանեցնելու ակնկալիքով: Մյուս կողմից, զանգը տեղի է ունենում Ռուսաստանում ադրբեջանցիների կազմակերպած հակահայկական գործողությունների ֆոնին, որոնք սպառնում են ազգամիջյան անվերահսկելի բաումով, ինչը կարող է դառնալ դեռեւս փետրվարի վերջին Էրդողանի խորհրդականի շուրթերով Ռուսաստանին ուղղված սպառնալիքի մեկնակետ՝ Ռուսաստանը ներսից քանդել 25 միլիոն մահմեդականի օգնությամբ:

Միեւնույն ժամանակ, պաշտոնական Երեւանը վարչապետի շուրթերով ակնարկել է, որ դա ներսից քանդելու թուրքական փորձ է, որը սակայն թերեւս չի կարող իրագործվել առանց հենց ներսից ռուսական որեւէ ազդեցիկ իշխանական շրջանակի աջակցության: Այլ կերպ ասած, Երեւանը փաստացի հայտարարեց, որ թիրախում են թե հայերը, թե նաեւ Ռուսաստանը, ու դա չի լինի, եթե չլինի այդ գրոհի աջակցություն ՌԴ իշխանությունից:

Իսկ Ռուսաստանում իշխանության խնդիրը ներկայումս բաց է եւ գտնվում է բավականին բարդ ու հակասական փոխազդեցության փուլում: Այդ ֆոնին էլ հատկանշական է հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում դիտարկումը, որ արցախյան հարցի լուծման դիվանագիտական ճանապարհը չունի այլընտրանք՝ միջազգային իրավունքի եւ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահի հիմքով: Տպավորություն է, որ հեռախոսազրույցի ընթացքում հարցը տեղափոխվել է Ադրբեջանի իշխանության դաշտ:

Ժողովուրդների շահի արձանագրումը բավականին ուշագրավ է, եթե նկատի առնենք այն, թե ինչ շեշտադրում է անում պաշտոնական Երեւանը՝ կարգավորումը պետք է ունենա Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովրդի հավանությունը:

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում Երեւանի դիրքորոշու՞մն են արժանացնում հավանության, խոսելով ժողովուրդների մասին: Նշանակու՞մ է դա արդյոք, որ Մոսկվան ու Անկարան գալիս են որոշակի համաձայնության, բայց այս մարտավարական իրավիճակում ոչ թե Հայաստանի հաշվին՝ ինչպես գրեթե միշտ, այլ Բաքվի, այլ կերպ ասած՝ պաշտոնական Բաքվի այսպես ասած փոփոխության:

Հայկական ուժեղ հարվածը Տավուշում թերեւս կանխել է Հայաստանի հաշվին առեւտրի ծավալումը, ստեղծելով իրավիճակ, երբ Անկարան ու Մոսկվան հարկադրված են պայմանավորվել Բաքվի հաշվին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում