ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը, որը քննադատությունների թեմա էր դարձել հայ հասարակության շրջանում։ Փաշինյանը նշել է, որ հնչեցված բոլոր պահանջները չկայացած են։ Ըստ նրա՝ ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե քաղաքական առանձին գործիչներ։ «Ռուսաստանը պետք է հասկանա, որ Ռուսաստանի դաշնակիցը ո՛չ Փաշինյանն է, ո՛չ Պետրոսյանը, ո՛չ Պողոսյանը, ո՛չ Սարգսյանը, ո՛չ Քոչարյանը, միակ դաշնակիցն ու գործընկերը՝ հայ ժողովուրդն է: Սա շատ կարևոր նրբերանգ է»,- ասել է վարչապետը։

Հիշեցնենք՝ Մարգարիտա Սիմոնյանը, մասնավորապես, գրել էր․ «Դիմում եմ Հայաստանի իշխանություններին: Հենց իշխանություններին է, այլ ոչ թե ժողովրդին, որի մաս եմ հանդիսանում ես: Դիմում եմ միայն այն պատճառով, որ ձեր ինտերնետային զորքերը կեղտոտում են իմ սոցէջերը (ագրեսիվ ձևով) պահանջելով՝ «արտահայտել իմ դիրքորոշումը»: Խնդրում էին՝ արտահայտում եմ:

Նայեք ձեզ կողքից: Տեսեք՝ ինչ եք անում: Ինչպես եք ձեզ պահում։ Ինչպիսի՞ հայեր եք: Հայերը ազնիվ, ազնվական և շնորհակալ ժողովուրդ են: Միշտ էլ այդպիսին են եղել: Իսկ դուք ձեզ պահում եք այնպես, ինչպես (ԱՐԳԵԼՎԱԾ Է ՌՈՍԿՈՄՆԱԴԶՈՐԻ ԿՈՂՄԻՑ):

Ի պատասխան Ռուսաստանի երկարատև բարության և պաշտպանության, դուք չճանաչեցիք Ղրիմը: Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է:

Բացառապես քաղաքական վրեժխնդրությունից՝ դուք կալանավորեցիք Ռոբերտ Քոչարյանին` Ռուսաստանի անփոփոխ դաշնակցին։ Հատուկ բանտարկեցիք, ցուցադրաբար՝ թքելով ձեր «ռուս բարեկամների» դեմքին: Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է․․․

Եվ հիմա, երբ ձեր սահմանին պատերազմ է, երբ ձեր ռեժիմի գոյությունը սպառնալիքի տակ է, հիշեցիք, որ Ռուսաստանը նորից պետք է ձեզ օգնի: Մի՞թե սա Հայաստանի ներքին գործը չէ»։