Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Մամիկոնյանց-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են Ford Fusion մակնիշի 10 AV 888 համարանիշի և Haise մակնիշի 676 AO 61 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը բախման հետևանքով Haise-ն, որը հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում, կողաշրջվել է, իսկ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Նշված վայրում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Տեղում են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայր է ժամանել նաև ԱԻՆ հոգեբանը, ով վթարի հարևանությամբ գտնվող կրպակի աշխատակցուհուն հոգեբանական օգնություն է ցուցաբերում, քանի որ վթարը տեղի է ունեցել նրա աչքի առաջ։

Նշվում է, որ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվելու ընթացքում բախվել է նաև կայանված վիճակում գտնվող Ford Transit մակնիշի ավտոմեքենային։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: