Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չորս տարի առաջ այս օրը՝ հուլիսի 30-ին, Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմն սպանեց երիտասարդ ոստիկան Յուրի Տեփանոսյանին։

Ռեժիմը երկու նպատակ ուներ՝ հրեշացնել ապստամբած Սասնա Ծռերի կերպարը և Յուրիի ծառայակից ընկերների շրջանում հոգեբանորեն շարժառիթ ստեղծել ՊՊԾ գնդում գտնվող Սասնա Ծռերի վրա գրոհելու համար, քանի որ ոչ մեկը հանուն Սերժ Սարգսյանի պատրաստ չէր վտանգելու իր կյանքը։

Չեկիստական անմարդկային և արյունոտ ժառանգությամբ սնված և գործող ռեժիմի համար դա փորձված մարտավարական հնարք էր։ 2008թ. մարտի 1-ին նույն ձեռագրով սպանվեց ոստիկանական զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը, ինչին հաջորդեց ժողովրդի ջարդը։

Յուրի Տեփանոսյանի քստմնելի սպանությունից անցել է չորս տարի, այդ ընթացքում իբրև թե հեղափոխություն է եղել և ձևավորվել է ժողովրդի քվեով ընտրված իշխանություն, սակայն նախկին ռեժիմի գործած այդ ոճիրը ոչ միայն մնացել է անպատիժ, այլև նրա թխած նույն կեղծ մեղադրանքով դրա համար ամբաստանվում և բանտում է պահվում Սասնա Ծռեր խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանը։

Գործող իշխանության թեթև ձեռքով շուտով կավարտվի Սասնա Ծռեր խմբավորման ապստամբների գործի դատաքննությունը։ Դրա ելքը լինելու է մեղադրական, ինչի պատասխանատվության ծանր բեռը կոտրելու է իշխանության ողնաշարը։

Ներկայիս իշխանությունը չի գիտակցում իր առաքելությունն ու պատասխանատվությունը։ Նա իրեն դիրքավորել է որպես նախկինի իրավահաջորդ և ըստ էության կոծկում է նրա ոճրագործությունները և շարունակում է նրա գործը։ Ասվածի ևս մեկ վկայություն է ապստամբության ժամանակ՝ հուլիսի 29-ին, Սարի թաղի բնակիչների, այլ քաղաքացիների և լրագրողների ջարդի գործը ներկա իշխանության օրոք և ձեռամբ կարճելը և մեղավորներին անպատիժ թողնելը։

Ինձ համար, իհարկե, դժվար է նման արձանագրումներ կատարել, սակայն փաստերը զորավոր են։

Յուրի Տեփանոսյանի հրեշային զոհաբերության մասնակիցները չեն կարող անպատիժ մնալ։

Հայաստանում շատ մոտ ապագայում հաստատվելու է իրավունք և արդարություն, բացահայտվելու են ոճրագործներն ու նրանց հետ գործարքներ կնքածները և այս երկուսն էլ կանգնելու են դատարանի առաջ։

Օրվա առիթով հիշենք և խնկարկենք Յուրի Տեփանոսյանի և իրարահաջորդ ոճրագործ ռեժիմներին զոհ գնացած մեր բոլոր հայրենակիցների հիշատակը»։