Կամաց նախապատրաստվում ենք երկրորդ ալիքին

Արսեն Թորոսյանն ու Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ էր՝ անհետացել էին եթերից․ երեկ նրանք կրկին երեկոյան ճեպազրույց տվեցին՝ Տիգրան Ավինյանի հետ միասին։ Կորոնայի նկատմամբ իշխանության ու հասարակության հետաքրքրության նվազման պատճառները, թերեւս, մի քանիսն են․ Տավուշում հայ-ադրբեջանական սահմանային դիրքային մարտերը, սրված արտաքին քաղաքական իրավիճակը, նաեւ՝ մարդիկ են հոգնել կորոնավիրուսային տագնապից, եւ հասարակությունը, մի տեսակ, սովորեց վիրուսի հետ համակեցությանը։


Նախարարության ներկայացրած թվերն էլ արձանագրում են, որ վերջին 10-15 օրերին կորոնավիրուսային հիվանդացության կորն իջնում է՝ 600 հիվանդացողից հասել են 308-ի նիշին։ Թեեւ ոլորտի մասնագետներից մեկն իրավիճակն այսպես նկարագրեց․ «Թվերը կամաց պակասեցնում են, հետո օգոստոսին կքնացնեն, որ երկրորդ ալիք անեն։ Հիվանդանոցներն էնպես չէ, որ կիսադատարկ են, բայց դեղերը վերջանում են, դեղ չկա, կամ խնայում են։ Դրա համար էլ շատ դեպքերում, հենց մարդիկ ոտքի են կանգնում, արագ դուրս են գրում՝ տնային հսկողության»։ Կորոնավիրուսի համավարակից 4․5 ամիս անց նախարարության հրապարակած գնացուցակից էլ պարզ դաձավ, որ կորոնավիրուսի բուժումն էժան հաճույքներից չէ․ վերակենդանացման բաժանմունքում մեկ հիվանդի համար իջեցվող պետպատվերի գումարը կազմում է 1 միլիոն դրամ, սոմատիկ բաժանմունքներում, բնականաբար՝ ավելի քիչ, բայց մինչեւ մի քանի հարյուր հազար դրամ։

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը մեզ հետ զրույցում հերքեց, թե հիվանդանոցներում դեղերի պակաս կա, նույնը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ դեղորայքի պակաս չունեն։ «Նախկինում 90 եւ ավելի տոկոսով ծանրաբեռնվածություն էր, հիմա ոչինչ՝ ահագին թեթեւացում նկատվում է։ Իհարկե՝ ինտենսիվ թերապիան ու ռեանիմացիան դեռ մնում են ծանրաբեռնված»,- ասաց նա։

Շտապ բուժօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ իրավիճակը ներկայացրեց իրենց կանչերի մասով։ Նրա խոսքով՝ եթե հուլիսի սկզբներին ունենում էին օրական մինչեւ 1000-1200 կանչ, ապա վերջին օրերին միջին թիվը 700 է։ «Մենք այն աշխատանքը չենք կատարել, որ միայն տնից՝ հիվանդանոց, այլ հիվանդանոցից՝ հիվանդանոց եւ այլն»։
Հիշեցնենք, որ առողջապահական կարգերից մեկով սահմանվել էր, որ բացի նախկինում կորոնավիրուսային մասնագիտացված բուժում ունեցող մի քանի կենտրոններից, մյուս ԲԿ-ները եւս կարող էին ընդգրկվել համաճարակի դեմ պայքարում։

«Տոնոյան» ԲԿ տնօրեն Տարոն Տոնոյանն էլ ասում է․ «Մենք առաջին օրից էլ պատրաստ ենք եղել քովիդ բուժելուն, բայց երբ դիմել են, ինքս առաջարկել եմ դիմել ավելի մասնագիտացված կլինիկայի, որովհետեւ, պարզ ասեմ՝ գուցե մի փոքր անկազմակերպվածության արդյունք էլ է դա, բայց հիվանդները պիտի բուժվեն պետպատվերի սահմաններում, իսկ ինձ նույնիսկ որեւէ մեկը չի էլ ասել, որ հետդ պայմանագիր պիտի կնքենք, հիվանդ ուղարկենք, դու պետպատվերով բուժես։ Այսինքն՝ որեւէ բան չկա, ու էդ ամեն ինչը դեռ խոսակցության մակարդակով է, եւ նորից եմ ասում՝ չեն մտնի դրա տակ, որովհետեւ դա մեծ հարված կհասցնի առողջապահությանը եւ դատական մեծ քաշքշուկների տեղիք կտա»։

Երեկ տեղեկացանք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերը, որոնցով առաջարկվում էր առողջապահության ոլորտի միասնական կառավարման համակարգ ստեղծել` առողջապահության նախարարությանը վերապահելով բժշկական կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորությունները, ուղարկվել են ԱԺ։ Չնայած նախագիծը հանվել էր շրջանառությունից եւ ուղարկվել լրամշակման՝ այն աշնանը ԱԺ ուղարկելու նպատակով։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը հաստատեց այս տեղեկությունը։ Հայտնեց, որ նախագիծն ուղարկված է Ազգային ժողով` կառավարության կողմից։

ԱԺ առողջապահության հանձնաժողովի իմքայլական անդամ Լուսինե Բադալյանը մեզ ասաց, որ նախագիծը ներառված չէ ո՛չ հանձնաժողովի նիստի, ո՛չ էլ քառօրյայի օրակարգում, քանի որ ԱԺ չի եկել։ Նրան տեղեկացրինք, որ արդեն ուղարկվել է, ինչին ի պատասխան՝ իմքայլական պատգամավորն ասաց․ «Անկեղծ ասած, պիտի հարցնեմ, որովհետեւ վերջին անգամ՝ արձակուրդից առաջ, երբ պիտի ներառվեր ու չներառվեց, ես հարցրեցի, ասացին՝ չի եկել, ինչ-որ լրամշակման կարիք ունի։ Դրանից հետո եթե ինչ-որ բան է փոխվել, տեղյակ չեմ»։ Լուսինե Բադալյանի տեղեկություններով՝ նախագիծը նախատեսվում է քննարկել սեպտեմբերից ոչ շուտ։

Աղբյուր՝ https://hraparak.am/post/71551549fba8b7096f82274b69c48dce