Ռուբեն Հայրապետյանի պաշտպանն ասել է, որ անտրամաբանական է հետախուզումը մի մարդու նկատմամբ, որի գտնվելու վայրը բոլորի համար պարզ է։

 ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին նկատմամբ հետախուզումը դադարեցվել է։ Տեղեկությունը hraparak.am–ին է հայտնել նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։

Վերջինիս խոսքով՝ նման որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնությունը։

«Հայրապետյանը ՌԴ-ում ապրում է իքս հասցեում, անտրամաբանական է հետախուզումը մի մարդու նկատմամբ, որի գտնվելու վայրը բոլորի համար պարզ է»,–ասել է նա։
Հարցին, թե Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է, Մակինյանը պատասխանել է` տեղեկություն չունի։

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն):

Նրան մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով: Հայրապետյանը հետախուզման մեջ է։

Նույն մեղադրանքները ներկայացվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, որին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է։