SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սիրականյանի կողմից նյութերի նախապատրաստմն ընթացքում պարզվել է երեկ՝ հուլիսի 29-ին, Երևանում «Հաղթանակ» կամրջից ինքնասպանության փորձ կատարած, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկաններ, ոստիկանության ավագներ Սարգիս Հովհաննիսյանի ու Անդրանիկ Ավետիսյանի և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների «07» խմբի բժիշկ Գևորգ Մարտիրոսյանի կողմից փրկված, հիվանդանոց տեղափոխված աղջկա ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևանի բնակիչ՝ 18-ամյա Կարինե Ա-ն է, ով «պոլիտրավմա» ախտորոշմամբ այս պահին գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։10-ի սահմաններում մոտ 25 տարեկան աղջիկը Հաղթանակ կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած էր նետել։

Այդ պահին նշված վայրում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկաններ, ոստիկանության ավագներ Սարգիս Հովհաննիսյանն ու Անդրանիկ Ավետիսյանը, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների «07» հերթապահ խմբի բժիշկ Գևորգ Մարտիրոսյանը, մեծ դժվարությամբ հաղթահարելով հսկայական քարերն ու ջուրը, պատգարակով այդ աղջկան մոտեցրել էին շտապօգնության ավտոմեքենային, որտեղ բժիշկ Գ. Մարտիրոսյանն իր գործընկերոջ հետ տեղում առաջին բուժօգնությունն էր ցուցաբերել, ապա տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր ոստիկանության կենտոնական բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում էր հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասել էին. «Վայրկյաններ տևեց, երբ այդ աղջիկն իրեն կամրջից նետեց, ու տեսանք, թե ինչպես 2 երիտասարդ ոստիկան ու բժիշկ ոնց էին վազելով իջնում ձորը, թե էդ քարերի վրով ոնց անցան, երևի մենակ իրանք գիտեն, որ էդ աղջկան մի կերպ ձորից դուրս բերեցին։ Շտապօգնության ավտոմեքենայի մեջ էլ բժիշկները օգնություն ցուցաբերեցին ու տեղափոխեցին հիվանդանոց։ Հալալ էր թե էդ ջահել ոստիկաններին, թե բժշկին»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: