Հ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել հունական MEGA TV լրատվականին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացմանը, դրան Թուրքիայի արձագանքին, Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելուն, Հունաստանի և Կիպրոսի հետ Հայաստանի բարեկամական հարաբերություններին։

Ներկայացնում ենք հարցազրույցի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը:


Ինչպե՞ս է Հայաստանն արձագանքում այն փաստին, որ Թուրքիան Ադրբեջանին գործնականում տրամադրում է զենք, անձնակազմ և գումար:

Միակ երկիրը, որ այս երկու շաբաթվա ընթացքում խոսում էր սպառնալիքի լեզվով՝ Թուրքիան է: Մենք պաշտպանելու ենք մեզ, մենք ուժեղացնելու ենք մեր պաշտպանությունը և աշխատելու ենք մեր միջազգային գործընկերների հետ:

Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը իրականում Ռուսաստան-Թուրքիա աճող մրցակցության շղարշն է:

Մենք ինքնիշխան պետություն ենք, միջազգային հանրության անդամ: Մեզ այս տարածաշրջանում հարկավոր է խաղաղություն և անվտանգություն: Մենք կարիք չունենք այս տարածաշրջանը դարձնել միջազգային մրցակցության առարկա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսում է Հայաստանի սահմաններից դուրս հարձակման մասին:

Սա հենց այն լեզուն է, որը մենք մերժում ենք, սա սպառնալիքի լեզուն է, որը բխում է ժխտման և անպատժելիության մեջ ապրող պետության վարած քաղաքականությունից: Վերջերս մենք ականատես եղանք նաև ցեղասպանության հանցագործության արդարացմանը: Սա չէ այն ճանապարհը, որով մի ժողովուրդ ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը:

Թուրքիան իրականում փորձում է վերստեղծել նեոօսմանիզմի վրա հիմնված պետությունը՝ ավելի լայն տարածքով։

Հունաստանն իր կողմից ակտիվ քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ: Հայաստանը նույնանման նպատակներ է հետապնդում:

Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարում կրկին լսվեց իսլամական աղոթք:

Սուրբ Սոֆիայի վերափոխումը մզկիթի իրապես սպառնալիք է՝ ուղղված ներդաշնակության, երկխոսության և փոխադարձ հարգանքի այդ խորհրդանիշին։

Ինչպե՞ս եք գնահատում Հունաստանի նկատմամբ Թուրքիայի սադրանքները:

Ես ցանկանում եմ վերահաստատել մեր ամուր աջակցությունը և համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին:

Դա Արևելյան Միջերկրականում ապակայունացմանն ուղղված գործողություն է, որը կրկին ապացուցում է հենց այն ագրեսիվ քաղաքականությունը, որ Թուրքիան հետևողականորեն վարում է վերջին ժամանակաշրջանում:

Եթե Թուրքիան և Հունաստանը ներքաշվեն զինված հակամարտության մեջ, արդյո՞ք Հայաստանը համերաշխություն կհայտնի Հունաստանին:

Չեմ տեսնում որևէ հանգամանք, որ կարող է խախտել կամ հարցականի տակ դնել Հայաստանի և Հունաստանի միջև առկա շատ ամուր համերաշխությունը, շատ ամուր հարաբերությունները և նույնքան ամուր բարեկամությունը: Մենք վճռական ենք արձագանքելու այսպիսի գործողություններին, որոնք վտանգ են ներկայացնում մեր շահերի և մեր ինքնիշխան իրավունքների համար: