Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը տարածեց տեղեկություն, որ Արցախ այցելած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է նաեւ Հայաստանի հարավարեւմտյան սահմանագոտում՝ «այնտեղ տեղադրված մարտական նոր դիրքում», դիտարկել գոտին, տվել հանձնարարականներ:

Հայաստանի հարավարեւմտյան սահմանը Նախիջեւանի հետ է, որտեղ ինչպես հայտնի է, անցկացվում է թուրք-ադրբեջանական զորավարժություն, եւ Նախիջեւանում է թուրքական զորք ու ռազմատեխնիկա: Նախիջեւանի, եւ ընդհանրապես ադրբեջանա- թուրքական զորավարժությունն անկասկած ուժի ցուցադրություն է, բայց թյուր է տպավորությունը, թե դա ուժի ցուցադրություն է Հայաստանին: Դա ուժի ցուցադրություն է բոլորին՝ ռեգիոնալ անվտանգության համակարգի շահառու բոլոր պետություններին, թե ռեգիոնալ, թե ռեգիոնին ոչ սահմանակից:

Միեւնույն ժամանակ, թուրքական ուժի ցուցադրությունն ունի թերեւս որոշակի մեկնության կարիք, թեեւ խոշոր հաշվով արդեն վաղուց «անմեկնելի են Էրդողանի» մտորումները, քանի որ նա մի կողմից զրկված է արգելակներից, մյուս կողմից՝ նահանջի հնարավորությունից: Այդուհանդերձ, Թուրքիայի ուժի ցուցադրության բուն նպատակը թերեւս ոչ այնքան Կովկասում այսպես ասած էքսպանսիան է, այլ երեւի թե Արցախից ավելին կորցնելը բացառելու մասին ազդակը:

Տավուշի ադրբեջանա-թուրքական սադրանքին ի պատասխան` Հայաստանի ասիմետրիկ ռազմավարական խոցումն ընդգծեց ադրբեջանական պետականության կամ պետության ճգնաժամը եւ ռեգիոնալ օրակարգում այդ հարցի առկայությունը: Թուրք- ադրբեջանական զորավարժությամբ Անկարան ազդակ է հղում երեւի թե առավելապես այդ ուղղությամբ, որ Ադրբեջանից չի զիջի կամ տանուլ չի տա ավելին, քան տվել է արցախյան առաջին պատերազմում:

Դա չի նշանակում, որ Անկարան հաշտվել է այդ կորստի հետ եւ չի փայփայում թե այն, թե բազմակի ավելին հետ բերելու ռազմավարական հույս եւ մտադրություն: Այդուհանդերձ, ներկայիս իրողությունների պայմաններում Անկարայի բուն ազդակն ու խնդիրը ցույց տալն է, որ չի զիջի կամ տանուլ չի տա արդեն տվածից ավելին: Միաժամանակ, եթե Անկարան տեսնում է այդպիսի խնդիր, կնշանակի, որ ռիսկը գնահատում է իրական եւ ակնարկում, որ նոր կորուստ թույլ չտալու համար պատրաստ է լուրջ դիմակայության:

Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի համար առանցքային է Նախիջեւանը, թե որպես «կռիվ տալու» հենակետ, թե որպես նվազագույն ավար, եթե անգամ ստիպված լինի Ադրբեջանից ինչ որ բան տանուլ տալ դարձյալ: Բանն այն է, որ այդ հարցում Թուրքիան մենակ է գործնականում ուժային կենտրոնների մի ամբողջ խմբի դեմ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում