Դպրոցական պայուսակը պետք է լինի ճիշտ կառուցվածքով՝ երկու ուսագոտիով, իսկ մեջքի հատվածը չպետք է լինի կոշտ կամ արհեստական նյութերից պատրաստված: Առաջին դասարանի աշակերտների համար՝ գրքերով ու գրենական պիտույքներով, պետք է կշռի 3-3,5 կգ-ից ոչ ավելի: Նշանակում է՝ պայուսակ ընտրելիս ծնողները պետք է հաշվի առնեն դատարկ պայուսակի քաշը: Պայուսակի քաշը յուրաքանչյուր ուսումանական տարի 0,5 կգ-ով կարող է ավել լինել: Չափորոշիչները սահմանվում են առողջապահության նախարարի հրամանով։

Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանը ընդգծում է՝ սխալ կարծիք կա, թե ծանր պայուսակը կարող է սկոլյոզի առաջացման պատճառ հանդիսանալ: Այս մոտեցումը վաղուց հերքվել է, քանի որ սկոլյոզները լինում են բնածին կամ իդիոպատիկ: Վերջինս առաջանում է 10 տարեկանից հետո՝ ավելի շատ աղջիկների, քան տղաների մոտ: Ծանր պայուսակը կարող է առաջացնել կեցվածքի շեղումներ, մկանների դիսբալանս: Եթե հենաշարժողական համակարգը պարբերաբար գտնվում է ծանրաբեռնված վիճակում, կարող են ցավեր առաջանալ ոչ միայն ողնաշարի շրջանում՝ մեջքի հատվածում, այլև ստորին վերջույթներում:

 

Դպրոցական պայուսակների ճիշտ քաշը պահպանելու համար առաջարկվել են լուծման տարբեր ճանապարհներ: Ամենարդյունավետ և ողջունելի որոշումը գրքերը երկհատորանի դարձնելն է: Բժիշկը նշում է նաև, որ երեխաները դպրոցական սեղանի առջև պետք է ճիշտ դիրքով նստեն՝ հետևելով «երեք 90 աստիճան անկյան» կանոնին՝ ծնկան հոդ, կոնքազդրային հոդ և արմնկային հոդ: Նստած ժամանակ բոլոր հոդերը պետք է լինեն 90 աստիճան անկյան տակ: Սա այն դիրքն է, երբ ամբողջ մկանային համակարգը հանգիստ վիճակում է և չեն առաջանում լրացուցիչ լարվածություններ:

 

Եթե այս աստիճանները փոփոխվում են, տարբեր մկանախմբերի վրա տարբեր լարվածություններ են առաջանում, և, բնականաբար, այդ խմբերի մկանների շրջանում առաջանում են ցավեր: Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավարը խորհուրդ է տալիս՝ կեցվածքի շեղման կամ ողնաշարի շրջանում ցավերի առաջացման դեպքում հարկավոր է զբաղվել լողով, որի ժամանակ բոլոր մկանախմբերը հավասար լարվածություն են ունենում և ավելի թեթև են տանում հավելյալ ծանրաբեռնվածությունը: