ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում շարունակվում է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Իրականացված անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Բերդ քաղաքի բնակիչ է՝ 40 տարեկան: Վերջինս հայտնաբերվել եւ ձերբակալվել է՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով եւ հարցաքննվել:


Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի վարչական շենքի հետնամասում՝ «Ծաղկանոց» կոչվող զբոսայգու տարածքում, անհայտ անձն իր մոտ ապօրինի պահվող պայթուցիկ սարքի միջոցով իրականացրել է պայթյուն, որի հետեւանքով վնասվել են ոստիկանության շենքի պատերը եւ աշխատասենյակների պատուհանների ապակիները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ: Կատարվել են խուզարկություններ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: