Lragir.am-ը գրում է. Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը, թե թուրքական երկու կործանիչ ուղղություն են վերցրել դեպի Երեւան ու եղել են Հայաստանի մայրաքաղաքին հրթիռային հարված հասցնելու հեռավորության վրա: Տեղեկության աղբյուրը մի պորտալ էր, որի այսպես ասած լուրը տարածվեց ամենատարբեր լրատվամիջոցներով, այդ թվում՝ ռուսական:


Հայաստանի ՊՆ-ն հերքել է տեղեկությունը:

Հայտնի է, որ Ադրբեջանում եւ Նախիջեւանում անցկացվում է թուրք-ադրբեջանական զորավարժություն, որում ներգրավված է նաեւ ավիացիա: Զորավարժությունը Հայաստանում առաջացրել է հասկանալի մեծ ուշադրություն, ինչին նպաստել է նաեւ Տավուշի իրադարձությունների առնչությամբ Թուրքիայի ագրեսիվ հայտարարությունների հանգամանքը:

Հայաստանում սկսել են շատ խոսել թուրքական վտանգի մասին, ինչը դարձյալ հասկանալի է: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ խոսակցությունների զգալի մասը թողնում է խուճապ առաջացնելու փորձի տպավորություն, որի հեղինակները կարծես թե ուզում են Տավուշի ռազմական գործողության արդյունքում հոգեբանական վերելքի, ինքնավստահության վիճակում գտնվող հայաստանյան հանրությանն այսպես ասած «իջեցնել գետին»:

Այն, որ Թուրքիան սպառնալիք է եւ շատ լուրջ, ամենեւին նորություն չէ: Այդ սպառնալիքը ունի հակազդեցության լուրջ անհրաժեշտություն, ամենօրյա ռազմա-քաղաքական աշխատանքի բնույթով: Սակայն, Հայաստանի հասարակությունը պետք է ապրի թուրքական սպառնալիքին պատրաստ, բայց ամենեւին ոչ թուրքական սպառնալիքից վախեցած: Որովհետեւ, խոշոր հաշվով, վախեցած, խուճապի, տագնապի անընդհատ հանրային զգացումը կարող է սկսել մեկ կոնկրետ աղբյուրից, սակայն դրա հետեւանքը, այսպես ասած «մետաստազային» տարածումը ընդգրկելու է Հայաստանի կենսագործունեությունը ամբողջական իմաստով:

Այլ կերպ ասած, հնարավոր չէ, օրինակ, ինքնավստահ, կամային, ուժեղ զգացողություն ունենալ Ադրբեջանի հետ դիմակայությունում, Թուրքիայի հարցում լինելով խուճապի ու տագնապի, թուլության զգացումով: Այդ զգացումը սկսելու է ազդել բոլոր ուղղությունների վրա, անգամ Հայաստանում ապրելու, կամ Հայաստանում ներդրում անելու պարզ մտադրության:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում