Առաջիկա օրերին պարետատունը ներկայացնելու է ուսումնական հաստատությունների բացման սցենարների մանրամասները։ Հասկանալի է, որ բոլորն ուզում են գնալ դպրոց ու համալսարան, քանի որ դեմ առ դեմ ուսուցումը կրթության կազմակերպման լավագույն ձևն է։ Բայց ուսումնական հաստատությունների վերաբացումը մեծ ռիսկեր ունի։ Տարբեր երկրների փորձը ցույց տվեց, որ կորոնավիրուսը ժամանակավոր է նահանջում։ Գրեթե բոլոր երկրներում արձանագրվել են վիրուսի երկրորդ, երրորդ ալիքներ։ Հոնկոնգը որոշեց սեպտեմբերին դասերն անցկացնել հեռավար, քանի որ երկրում կորոնավիրուսի 3-րդ ալիքն է սկսվել։ Հետաքրքիր է Չեռնոգորիայի օրինակը։ Այս երկրում ուղիղ 45 օր կորոնավիրուսի ոչ մի դեպք չէր արձանագրվում։ Բայց հետո շատ մեծ բռնկում եղավ։ Հետևաբար, եթե սեպտեմբերի 1-ի նախօրեին Հայաստանում լինեն մի քանի տասնյակ դեպքեր, դա դեռևս չի ապահովագրում նոր բռնկումներից։

Կարելի է դիտարկել մի քանի տարբերակ։

Առաջին տարբերակն այն է, որ բոլոր ուսումնական հաստատությունները բացվում են։ Այս տարբերակը լավագույնն է, բայց այն շատ ռիսկային է։ Համալսարանները և քոլեջները բացելու դեպքում գլխավոր խնդիրը լինելու է տրանսպորտի հարցը։ Բոլորս էլ գիտենք, թե ինչ է կատարվում Երևանում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Ավտոբուսները լեփ-լեցուն են, կանգառներում հարյուրավոր մարդիկ սպասում են տրանսպորտի։ Եթե այդ իրավիճակը լինի այս տարի, ապա մեկ շաբաթում վարակի դեպքերի սրընթաց աճ կլինի։ Հետևաբար՝ համալսարանները բացելու պարագայում Երևանի, Գյումրու, Վանաձորի ավտոբուսների թիվը պետք է կրկնապատկել, որպեսզի հնարավոր լինի ավտոբուսներում հեռավորություն պահպանել։ Բայց պարզ է, որ քաղաքապետարանները պարզապես չունեն այդքան տրանսպորտային միջոցներ և ռեսուրսներ։ Հետևաբար՝ համալսարանների պարագայում կարող է դիտարկվել միայն 2 տարբերակ։ Առաջին, դասի են գնում միայն առաջին կուրսեցիները, մյուսները սովորում են հեռավար։ Երկրորդ, բոլորը շաբաթական 2 օր դասի են գնում, մնացած օրերին սովորում են հեռավար։ Բայց այս դեպքում էլ համալսարաններում կարող է լսարանների խնդիր առաջանալ։ Ինչպե՞ս են առանձին կուրսերում ապահովելու հեռավորություն դասի ժամին։ Այսպիսով, համալսարանների տոտալ բացումն իրատեսական չէ։ Կարելի է դիտարկել արվեստի բուհերի, փոքր քաղաքների համալսարանների մասնակի բացման հարցը։

Դպրոցների պարագայում տրանսպորտի հարցը սուր չէ այն առումով, որ երեխաների մեծ մասը հաճախում են իրենց տանը մոտ գտնվող դպրոց, կամ ծնողներն իրենց ավտոմեքենաներով են երեխաներին տանում դպրոց։ Այդուհանդերձ, հատկապես ավագ դպրոցների և քոլեջների պարագայում շատ են հանրային տրանսպորտով երթևեկող աշակերտները։ Հետևաբար՝ մեծ քաղաքներում նորից կարող է տրանսպորտի խնդիր առաջանալ։

Տրանսպորտի խնդիրն ավելի թեթև է կրտսեր և միջին դպրոցների պարագաներում։ Այստեղ տրանսպորտով երթևեկող աշակերտների թիվը նույնիսկ Երևանում մեծ չէ։ Այսպիսով, նախարարությունը կարող է դիտարկել հիմնական դպրոցների և գյուղական դպրոցների բացման խնդիրը, քանի որ այս պարագայում տրանսպորտի խնդիրը շատ թեթև է։ Բայց այստեղ էլ հարցեր են առաջանում դպրոցի ներսում։ Ունենք դպրոցներ, որոնցում կան 30-35 հոգանոց դասարաններ։ Պարզ է, որ այդքան երեխա մեկ սենյակում նստեցնելը, այդքան երեխայի դպրոցում գտնվելու ընթացքը կառավարելը ռիսկային է։ Նույնիսկ, եթե դպրոցն ունենա ազատ դասարաններ, պատրաստ լինի կիսել դասարանները կամ պատրաստ լինի աշխատել երկհերթ, ո՞վ է վճարելու լրացուցիչ պարապող ուսուցիչներին։ Դա ահռելի մեծ գումար է լինելու։ Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի դպրոցականները շատ աշխույժ են, իրարից հեռավորություն պահելու սովորություն չունեն, ինչպե՞ս են ուսուցիչները կառավարելու այս երեխաներին՝ հատկապես դասամիջոցների ժամանակ, կամ դասերից հետո։

Միակ իրատեսական տարբերակը հետևյալն է։ Բացել 1-4-րդ դասարանները, ինչպես նաև 10-րդ դասարանը, քանի որ վերջինս նոր ձևավորվող դասարան է՝ առանձնացված ավագ դպրոցներում։ Ամեն օր դպրոց հաճախելու պայմանը կիրառել միայն առաջին դասարանցիների համար։ 2-4-րդ, ավագ դպրոցի 10-րդ դասարանները կարող են դպրոց գնալ շաբաթական 2-3 օր՝ հերթականությամբ, որպեսզի դպրոցում մեծ թվով աշակերտներ չլինեն։ Ներկայումս աշխարհի առողջապահական ոլորտի մասնագետները շրջանում բանավեճ կա մինչև 10 տարեկան երեխաների կողմից վարակը տարածելու շուրջ։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ 10 տարեկան երեխաները վարակի տարածող չեն համարվում։ Կան նաև ավելի զգուշավոր տեսակետներ։ Սա է պատճառը, որ աշխարհի շատ երկրներում նախընտրում են բացել կրտսեր դասարանները։ Բացի այդ, ակնհայտ է, որ շատ դժվար է փոքր երեխաների հետ հեռավար աշխատելը։ Աշխատող ծնողների համար էլ կարևոր է, որ երեխան գնա դպրոց։

Ամեն դեպքում մեծ դասարանները պետք է կիսվեն։ Եվ այստեղ կարելի է դասաժամի տևողությունը կրճատելու միջոցով ապահովել, որ ուսուցիչները կարողանան աշխատել կիսված դասարանների հետ։ Կարևոր է նաև դասամիջոցները տարբեր ժամերի անել, որ աշակերտները միջանցքում կարողանան հեռավորություն պահել միմյանցից։ Խիստ պետք է սահմանափակվի նաև դպրոցում գտնվող ուսուցիչների թիվը։ Ուսուցիչները պետք է դպրոցում պարապեն իրենց աշակերտների հետ և խուսափեն միմյանց հետ սերտ շփումներից։

Մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցները կարող են գործել ամենօրյա ռեժիմով, եթե գյուղում չկան համավարակի բռնկումներ։ Ռուսաստանում մարտ-մայիս ամիսներին մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները շարունակում էին գործել։

Շատ բան կախված է այն բանից, թե ինչ իրավիճակ կլինի Հայաստանում օգոստոսի վերջին տասնօրյակում։ Բայց պետք է հաշվի առնենք, որ մեր երեխաները տարածություն պահելու, դիմակներ կրելու հարցում լինելու են նույնքան անկարգապահ, որքան մեծերը։ Այս ամենը պետք է նախօրոք նկատի ունենանք, որպեսզի հետո աշակերտներին ու ուսուցիչներին չկարգենք իրավիճակի պատասխանատու։

 Նյութի աղբյուրը՝ 168․am