ԳիՀԻ Հոգեբանների և Հայագետների Միավորում –ը և Yelaket.am-ը/Ելակետ լրատվական/ համատեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ սկսել են նոր նախագիծ՝ «Տոմարային ծիսաշար» անվանվամբ։ YerevanNews.am-ը թեմայի շուրջ կապ հաստատեց հաղորդաշարի բանախոս, ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանի հետ։

Համացանցում տարածվեց տեսանյութ-անոնս, որից պարզ է, որ նոր նախագիծ եք սկսել․ ի՞նչ նախագիծ է, ի՞նչ նպատակ ունի և ի՞նչ կտա հետևորդներին։

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման գործում իր կարևոր տեղն ունի ժողովրդական տոմարի պահպանումն ու տարածումը: Նախագծի գլխավոր հիմնախնդիրն է հանրայնացնել հայ ժողովրդի ավանդական տոնածիսական մշակույթը և տարածել սրբավայրերի խնամքի անհրաժեշտության գաղափարը: Մեր օրերում ավանդական ժառանգությունը արագ է ոչնչանում, սակայն մյուս կողմից էլ նորագույն տեխնիկական հնարները թույլ են տալիս բոլորովին նոր մակարդակում իրականացնել պաշտպանական և պահպանական միջոցառումները, ոչ նյութական մշակութային ժառանգությունը կարելի է և պետք է մատուցել դարի պահանջարկին համապատասխան:
Ծրագիրն երկու տասնյակից ավել հաղորդումներից բաղկացած շարք է: Հաղորդավարը և ազգագրագետը երկխոսության մեջ պատմում են տոմարային որոշակի շրջանի հետ կապված արարողությունների մասին` ներկայացնելով պատմական Հայաստանի ազգագրական մի քանի շրջանների կենդանի նյութը, ներկայացնում են պատկերագրական նյութեր: Այն հաղորդումներում, որոնք նվիրված են երգերին, այդ երգերը նաև կատարվում են երգչի կողմից` կենդանի կատարմամբ:
Մեր նպատակն է հանրությանը մատչելի, հետաքրքիր և ինտերակտիվ ձևով ներկայացնել Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր մասը հանդիսացող հայկական ժողովրդական ծեսերը և տոները, դրանց վերաբերյալ պատմական տեղեկությունները, խորհրդանշանների վերլուծությունը, ուղեկցող երգերը:
Ի դեպ, յուրաքանչյուր հաղորդման վերջում նշվելու է էլեկտրոնային հասցե, որով ունկնդիրները կարող են կապվել մեզ հետ, եթե ունենան հավելյալ տեղեկություններ կամ հարցեր: Եթե ունկնդիրը ոչ նյութական մշակութային ժառանգության կրող է և տիրապետում է դեռևս մեր կողմից չգրանցված նյութի, ապա մենք կկապվենք նրա հետ:

 Ինչո՞վ է բացառիկ նախագիծը։

Նախ, սույն ծրագրում ներառված նյութը մեծ մասամբ գրեթե անհայտ է լայն հանրությանը:
Բացի այդ, բնակչության լայն շրջանակներում միշտ չէ, որ ճշգրիտ, աղբյուրներով և անմիջական կրողներից ստացված տեղեկատվությունը հասնում է հետաքրքրվողներին, որովհետև, օրինակ, տեղեկությունները ցրված են տարբեր, երբեմն դժվար հասանելի աղբյուրներում: 2020 թ. դրությամբ գոյություն ունեն ընդամենը մի քանի հրատարակված աշխատություններ տոների մասին, մեկ աշխատություն` երկրագործական աշխատանքի մասին (ներառյալ ծեսերը), առանձին ժողովածուներ, որտեղ կան մի քանի ծիսական երգեր, իսկ սրբավայրերի և ուխտագնացության մասին ոչ մի աշխատություն չկա: Եղած աշխատությունները հաճախ անհասանելի են կամ դրանք կարելի է կարդալ միայն գրադարաններում: Եւս մեկ դժվարություն է այն, որ երաժշտական կրթություն չունեցող մարդը չի կարողանում սովորել և հետո երգել ծիսական երգերը, նույնիսկ եթե գտնում է իր ուզած երգը որևէ գրքի մեջ, որովհետև չի կարողանում կարդալ եվրոպական նոտաները և վերարտադրել մեղեդին: Արդյունքում, կարծես թե, նյութը կա, սակայն ժողովրդի մեծ մասը դրանից օգտվել չի կարողանում: Այս նախագիծը տարբերվում է իր մեթոդական բնույթով. դրա բացառիկությունը դրա համապարփակության, թեմայով հետաքրքրվող յուրաքանչյուր անձի համար լիարժեք հասանելիության մեջ է:
Մատուցման, ուսուցման ժամանակակից ձևը հեշտացնում է նյութի ընկալումը, հնարավորություն է տալիս ապահովել նաև մեծահասակների համապատասխան կրթությունը, ապահովում է ազգագրական խմբերին և կատարողներին նոր երգացանկով:

 Ի՞նչ սկզբունքով եք ընտրել տոները, ծեսերը։

«Տոմարային ծիսաշարը» իմ (Լիլիթ Սիմոնյանի) հեղինակային նախագիծն է, որը նախաձեռնել եմ դեռ 2000-ականների սկզբներին: Դեռ այն ժամանակ լույս են տեսել գրքի առաջին և երկրորդ հատորները, որոնք նվիրված են ձմեռային տոներին: Այժմ պատրաստում եմ երրորդ և չորրորդ հատորները, որոնց նյութն էլ տեղ է գտել առաջիկայում սպասվող հաղորդաշարի մեջ: Մասնավորապես, դրանք գարնանային և ամառային տոներն են, և բնականաբար դրանց հետ կապված ծեսերը: Ինչպես նաև ներառել ենք սրբավայրերի խնամքի և ուխտագնացությունների մասին նյութը, որը կներկայացնի ազգագրագետ Կարեն Հովհաննիսյանը:

Վերջերս Նավասարդի օրն էր, արդյոք ունե՞ք Նավասարդին նվիրված հաղորդում։

Այստեղ հարկ է զանազանել Հայկական շարժական տոմարի Նավասարդի 1-ը, հուլյան տոմարի անշարժ օգոստոսի 11-ի ամսաթվի հետ Նավասարդի 1-ը կապելը և բուն Նավասարդ տոնը:
Վերջինը նշվել է ժողովրդական ծիսաշարով նախրաթողի աշնանային շրջանում, մոտավորապես այն ժամկետներում, երբ ներկայիս ժամանակակից երիտասարդները սովորություն են դարձրել կատարել Հելլոուին հանդեսը: Անկասկած, մեր հաղորդումներից մեկը նվիրված է լինելու արևելահայոց մեջ երբեմնի բավականին լայն տարածված Նավասարդին, դրա հետ կապված առասպելներին, ծեսերին ու ծիսական խոհանոցին:
Ինչ վերաբերում է օգոստոսի 11-ին, ապա այդ օրը գոնե վերջին մի քանի դարերում կարող էր համընկնել Ս. Աստվածածնի Վերափոխման շարժական տոնի հետ: Որևէ այլ տոն այդ ժամկետում իր ավանդական ծիսափնջով հավաստի աղբյուրներից հայտնի չէ: Իսկ օգոստոսի 11 և Նավասարդի 1 նույնացումը պատմական-տոմարական հարց է և որպես այդպիսին որոշ չափով կապված է մեր հաղորդաշարի հետ, ուստիև այդ խնդրին մասնակիորեն անդրադարձ կկատարվի` Նավասարդի աշնանային ծիսաշարին նվիրված հաղորդման մեջ: