Այսօր վաղ առավոտից համաբելառուսական գործադուլին են միացել ևս մի քանի ընկերություններ ու գործարաններ, ինչպես նաև՝ հեռուստատեսության աշխատակիցներ: Խաղաղ բողոքի ակցիային են միացել նաև գիտության, մշակույթի, առողջապահության, երկաթուղային ոլորտի աշխատակիցներ:

Ալեքսանդր Լուկաշենկոն իրականացրել է նախատեսված այցը Մինսկի անվաքարշակների գործարան, որտեղ նախ հայտարարել է. «Քանի դեռ ինձ չեք սպանել, նոր ընտրություններ չեն լինի: Հույս չունենաք, թե ես ճնշման տակ ինչ-որ բան կանեմ: Ընտրություններ չեն լինի: Որովհետև չի լինի ոչ Մինսկի անվաքարշակների գործարան, ոʹչ ՄԱԶ, ոʹչ ԲԵԼԱԶ. կես տարում մենք ամեն ինչ կոչնչացնենք»:

Ավելի ուշ, սակայն, Լուկաշենկոն պայման է դրել՝ ընտրություններ կլինեն, սակայն՝ նոր Սահմանադրություն ընդունելուց հետո:

«Ուրեմն, տղերք, այսպես կլինի, մենք պետք է ընդունենք նոր, մեր ուզած Սահմանադրությունը: Այնպես, որ նույնիսկ «այլըտրանքայինցիք» դեմ չլինեն: Դուք այն պետք է ընդունեք հանրաքվեի արդյունքում, որովհետև նախորդ Սահմանադրությունն էլ ընդունվել է հանրաքվեով: Ու ըստ նոր Սահմանադրության՝ եթե դուք ուզենաք, ընտրություններ կանցկացնեք՝ թեʹ խորհրդարանի, թեʹ նախագահի, թեʹ վարչապետի, թեʹ նոր օրգանների»:

Լուկաշենկոն աշխատակիցներին նաև կոչ է արել փոխզիջումների գնալ: «Պատրաստ եմ կիսվել նաև նախագահական լիազորություններովս, սակայն՝ ոչ ճնշման ներքո և ոչ՝ փողոցի ուժով:

Տղեʹրք, ներկայացրեք ձեր պահանջները, պահանջեʹք, գոռացեʹք, միայն թե արտադրությունը միʹ կանգնեցրեք, թե չէ կլինի՝ ինչպես 90-ականների կեսերին»,- ասել է նա բանվորներին:

Նա նաև խոսել է ցուցարարների ու համացանցային օգտատերերի մասին. «Այսօր պետք է ուղեղով մտածել, ոչ թե՝ այֆոն-հեռախոսներով: Մտածեʹք: Դուք բոլորին փոխանցեք, որ ոչ ոք ոչ մեկին ոչնչում չի համոզի: Վեʹրջ: Հասել եք սահմանագծի, որը եթե անցնեք, Աստված ձեզ հետ: Եթե թափվեք փողոցներ, մի կերպ կհանդուրժենք, բաց եթե ջարդուփշուր անեք, պատասխան կտաք: Սա էլ իմ տղամարդավարի խոսքը
Ես գնացի, կարող եք գոռալ՝ «Հեռացիր»»:

 Նյութի աղբյուրը՝ mamul.am