Օգոստոսի 21-ին Ախալքալաքում, Սամցխե-Ջավախեթիի համալսարանի մոտակայքում, ճանապարհին փորձել են պայթեցնել Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի Mersedes մակնիշի ավտոմեքենան, վկայակոչելով Jnews.ge-ն՝ գրում է tert.am-ը։

Պայթյունից վնասվել են Մարտուն Մկոյանի լսողական ընկալիչները: Միջադեպի վերաբերյալ հարցուփորձին Մարտուն Մկոյանը հրաժարվել է պատասխանել՝ պատճառաբանելով, որ լավ չի լսում:

Իսկ պատգամավոր Հենզել Մկոյանն ասել է. «Ես հյուրեր ունեի, նրանց հետ էի, զանգեց եղբայրս, ասաց շատ մեծ պայթյուն է եղել իր կողքին, որից ինքը սկսել է լսելու ունակությունը կորցնել, բացի դրանից մեքենայի վրա մուր է հայտնվել, մեքենայի բոլոր 6 անվտանգության գոտիները բացվել են:

Ես եկա դեպքի վայր, տեսա, որ ծառի ճյուղերը ջարդված են, պայթյունից ծառի տակ փոս է առաջացել: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ շենքերի ապրողները դուրս են եկել վախեցած, պայթյունը լսել են նույնիսկ քաղաքի կենտրոնում»:

Պատգամավորը եղբոր մեքենայի պայթյունի փորձը կապում է իր գործնեության հետ և վստահ է, որ նպատակակետը ինքն է եղել, ոչ թե եղբարը:

«Սա մեր ընտանիքի վրա մտածված է կատարվում: Երեկ երեկոյան եղբորս մեքենայով ես իջել եմ ՀԷԿ, երևի սա էլ են հաշվի առել: Դուք երևի իմ ֆեյսբուքյան էջում տեսել եք, որ հուլիսի 20-ին ինձ զանգել և սպառնացել են, որ տնից դուրս չգամ, խելոք նստեմ տանը, ընտրություններին չմասնակցեմ, թե չէ իրենք ինձնից ամենաթանկագինը կխլեն: Երկրորդ անգամ ամսի 24-ին զանգել են վայբերով, ռուսական համարով, ասել են՝ անպայման պետք է մեծ գումար ուղարկեմ, եթե՝ ոչ, ապա նրանք ինձ կսպանեն: Նա ասաց, որ 15 տարի նստել է և պատրաստ է ևս 20 տարի նստել, եթե ես չկատարեմ պահանջը: Ես դիմեցի գլխավոր դատախազություն որպես պատգամավոր, որ ինձ սպառնում են, դիմեցի պարոն Շոթաձեին, նա իմ դիմումն ուղարկել է Ախալցիխեի ոստիկանություն:

Այսօր եղավ այն, ինչը սպասելի էր, այսինքն՝ այդ մարդիկ պատահական մարդիկ չեն: Մարտի 26-ին իմ վրա կատարվեց մահափորձ, տեսանյութերը կան, այսօր հասավ այն վիճակին, որ իմ ընտանիքի անդամները, իմ երեխաները, իմ կինը՝ բոլորի հոգեբանությունը խառնվել է, նրանք գիշերը չեն քնում, դեղորայք են խմում: Այսօր մենք անպաշտպան ենք, որովհետև դեպքերը լինում են, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ես կարծում եմ, որ հիմնական նպատակակետը ես եմ եղել, ոչ թե եղբայրս»։

Հիշեցնենք, որ պատգամավոր Հենզել Մկոյանի փաստաբան Տարիել Մուրմանիշվիլին հայտարարել էր, որ Մկոյանին եւ նրա ընտանիքին սպառնում են սպանել: Մկոյանից պահանջել են նաեւ հեռանալ քաղաքականությունից: Նրա խոսքով՝ Մկոյանին երկու անգամ սպառնալիքներով զանգել են Ռուսաստանից: Զանգողը Մկոյանի հետ խոսել է ռուսերենով կովկասյան շեշտադրմամբ: