Դու էլի սիրու՞մ ես մեխակներ,- հանկարծ ասաց տղան, որ արդեն 28 տարեկան էր:
-Սիրում եմ:
Տղան վեր կացավ և կողքի ծաղկանոցից պոկեց մի քանի մեխակ՝ ինչպես այն օրերին: Շուրջը մթություն էր, հատուկենտ լույսեր, իսկ նա 28 տարեկան էր: Երբ նա կնոջը մեկնեց փունջը, աչքերը լիքն էին լռությամբ, որովհետև շատ բան էր ուզում ասել: Նա ուզում էր ճչալ, որ ինքը չի էլ հիշում, որ հինգ տարի առաջ գնաց ուրիշի հետ և դրա համար չէ այդպես զուսպ և անտարբեր:

Նա սիրում էր այն ժամանակ և սիրում է հիմա: Բայց հոգում ինչ որ բան է վերջացել, որ անուն չունի և դրա համար էլ անհնար է վերադարձնելը: Բայց ինչպե՞ս ասեր այս ամենը նրան, որ անզուսպ մտերմությամբ մեկնել էր ձեռքը մեխակները վերցնելու…
Ու նրանք համբուրվեցին:

Նույնիսկ անծանոթները համբուրվում են կայարանում, երբ գնացքի շարժվելուն րոպեներ են մնում:

Հետո նրանք դուրս եկան այգուց ու ցած իջան ամայի փողոցով:
-Գիտե՞ս,- ասաց մարդը,- Վահանը Անահիտի հետ ամուսնացավ… Չե՞ս հիշում, մեր հարևան կուրսից էր…

Կինն ասաց, որ հիշում է:
Հետո նրանք խոսեցին այն մասին, որ ցերեկները քաղաքում շնչել անգամ հնարավոր չէ, իսկ գիշերները զով է, հաճելի…
Ու բաժանվեցին:
Վարդգես Պետրոսյան «Ուշացած երջանկություն»