Արտակարգ դրության ողջ ընթացքում խնդիրներ են առաջանում ոչ միայն մարդկանց համար, այլեւ պետական մարմիններն են խնդրի առջեւ կանգնում եւ դառնում են այդ կարգավորումների իրավական զոհը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա բողոքեց, որ կառավարություն ներկայացված օրենքների փաթեթը, որոնք նախատեսում են արտակարգ դրության վերացումից հետո նոր կարգավորումներ, ինչը թույլ կտա սահմանափակումներ, կարանտիններ սահմանել, ՄԻՊ-ին ուղարկվել է ընդամենը մեկ օր առաջ եւ ՄԻՊ գրասենյակը մեկ օր է ունեցել առաջարկներ ներկայացնելու համար:


Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ հասկանալ՝ այս գործելակերպին ե՞րբ է վերջ տրվելու, երբ կառավարությաննիտում հնչում է, որ նախագիծը չի ուղարկվել կարծիքի, երեկ իրիկունն է ուղարկվել կարծիքի: Ինչի՞ չ ուղարկվել կարծիքի: ՊՆ-ն էլ տեղյակ չի նախագծից»:

Ի պատասխան վարչապետի աաշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանն ասաց. «Վարչապետի աշխատակազմը կարծիքի ուղարկելու եւ շրջանառելու գործառույթ չունի: Նախարարությունը, այն գերատեսչությունը, որ նախաձեռնում է տվյալ նախագիծը, պարտավոր է ուղարկել եւ շրջանառել մինչեւ վարչապետի աշխատակազմ ուղարկելը: Այնուամենայնիվ, ուզում եմ տեղեկացնել, որ նախարարական կոմիտեի օրակարգը ուղարկվում է բոլորին, բաց է եւ այդ տեղեկատվությունը հասանելի է բոլոր գերատեսչություններին»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ նշեց, որ չի ուղարկվել կարծիքի, որովհետեւ մինչեւ վերջին պահը պարզ չի եղել, որ իրենց նախարարությունը պետք է զեկուցող լինի. «Նախագծի վրա հրատապ ռեժիմով աշխատել ենք առողջապահության նախարարության հետ»:

Փաշինյանը տարակուսեց. «Հունիսից մինչեւ այսօր աշխատել եք հրատապ ռեժիմո՞վ: Կգնաք կքննարկեք մինչեւ ստորագրման բերելը: Մինչեւ բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի, գրավոր ինչ չծանուցեք, որ բոլորի հետ քննարկվել է, բոլոր առաջարկները քննարկվել է, ստորագրման չբերեք: Հաշվի առնելով այս հարցի հրատապությունը, ես առաջարկում եմ, որ քվեարկությամբ սա ընդունենք, բայց մինչեւ քննարկումը պետք է բոլոր անհրաժեշտ տեղերում քննարկվի»,-բարկացած ասաց վարչապետը: