Կա մի զանգված, որի համար հաճելի է լսել եւ ուզում են հավատալ, որ ինչ-որ մեկից փողը վերցնելու են ու իրենց են տալու: Այս մասին տնտեսական լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Աշխարհում ոչ մի հեղափոխություն չի վերցրել մեկից եւ տվել մյուսին: Եթե վերցրել է, ապա վերջում փոշիացրել է եւ ոչ մեկին փայ չի հասել: Ուղղակի պոպուլիստական մի բանաձեւ է, որը կիրառվում է եւ ցավոք, մեր ժողովրդի մի մասը ընդունում է դա որպես ճշմարտություն: Համոզում է իրեն, որ դա լինելու է, եթե ոչ հիմա, ապա վաղը, մյուս օրը: Ի դեպ, դա չի նշանակում, որ կոռուպցիայի դեմ չպետք է պայքարել: Իհարկե, պետք է պայքարել»,-ասաց նա:


Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ շատ հաճախ իշխանություններն անօրինական ձեւով են գումարները կոնֆիսկացնում. «Դրա հետեւանքները ապագայում չափազանց ծանր են լինելու: «Գոլդեն Պելես» հյուրանոցի ճակատագիրը մինչեւ այսօր հասկանալի չէ, բեռ է դարձել պետության համար: Եթե չեմ սխալվում ամսական 6 մլն դրամ է ծախսվում:

Մի օր այս իշխանությունները փոխվելու են եւ բոլորը իրենց իրավունքները դադարաններում վերականգնելու են: Ուղղակի այդ արանքում գույքն է փչանալու, փոխհատուցումներ են պահանջելու ոչ միայն գույքի վնասը, այլեւ կորցրած եկամւտները տարիների ընթացքում: Այսօր իշխանությունն ական է դնում երկրի ապագայի համար: Սա մեծ խնդիր է»: