ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Արմավիրի մարզում և Երևանում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում:

2-ը գտնվում են «Արմենիա» ՀԲԿ-ում, 1-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, նրանցից 2-ը միացված են արհեստական շնչառության սարքին:

Թունավորման կասկածով Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող պացիենտը բուժօգնության է դիմել օգոստոսի 30-ին: Այժմ պարզվում է վերջինիս թունավորման կապը ներկա դեպքերի հետ:

Համաճարակաբանական նախնական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նախապես հայտարարված 11 մահվան դեպքից մեկը ժխտվել է, քանի որ վերջինիս մահվան պատճառն այլ է:

Նշենք, որ բոլոր տուժածներն օգտագործել են ոչ գործարանային արտադրության օղի, որն էլ կարող է հանդիսանալ թունավորման հավանական աղբյուր:

Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ալկոհոլային խմիչք օգտագործողների շրջանակը պարզելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ: Լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է ալկոհոլային խմիչքի 2 նմուշ՝ բաղադրությունը ճշտելու համար»: