ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստին Սերժ Սարգսյանը ներկա չէ՝ առողջական վիճակի վատացում վատացման պատճառով։

Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին բժշկական փաստաթուղթ ներկայացրեց. «Ստուգվել է համապատասխան բժշկի կողմից եւ արձանագրվել է սուր շնչառական վարակ։ Նա բժշկական հաստատությունում չի գտնվում»։


Դատարանի հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանի առողջական վիճակում այսօր դրական տեղաշարժ եղե՞լ է, Մակինյանն ասաց, որ իր վերջին տեղեկություններով վիճակը նույնն է։

Գործով մեղադրող դատախազն էլ առարկեց, նշելով, որ բժշկական փաստաթղթից պարզ չի դառնում, թե այս պահին ինչպե՞ս է Սերժ Սարգսյանի առողջական վիճակը. «Բժշկական փաստաթղթի բովանդակությունից պարզ չէ թե ներկա պահին Սերժ Սարգսյանն օբյեկտիվորեն զրկվա՞ծ է եղել դատական նիստին մասնակցելուց, թե՞ ոչ։ Այստեղ նշվում է, որ ջերմաստիճանի բարձրացում է եղել եւ կանչ է գրանցվել, հիմա ջերմաստիճանն իջե՞լ է, թե՞ նորից բարձր է»։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։

Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։