Lragir.am—ը գրում է.  Վրացի սահմանապահները կանգնեցրել են թուրքական բեռնատարը, որը վարորդի խոսքով ուղեւորվել է Նախիջեւանից եւ Վրաստան էր տեղափոխում աղ: սահմանապահները բացատրություն են պահանջել բեռնատարի վրա երկու խոշոր դիմանկարների կապակցությամբ: Դրանցից մեկը Օմար Խալիսդեմիրն է, որը զոհվել է 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձի դեմ գործողություններում, իսկ մյուսը՝ Մուբարիզ Իբրահիմովը:

Իբրահիմովը 2010 թվականին Չայլու գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ դիվերսիա իրականացրած զինծառայողն էր, որի դիվերսիոն գործողությունը խլել էր չորս հայ զինծառայողի կյանք: Իբրահիմովը զոհվել էր հայկական զինուժի պատասխան գործողությունից եւ նրա դին մնացել էր հայկական կողմում: Իլհամ Ալիեւը Իբրահիմովին հետմահու շնորհեց Ադրբեջանի հերոսի կոչում:

Եվ ահա, թուրք վարորդը իր բեռնատարի վրա երկու այդ անձանց դիմանկարներով հատել է Վրաստանի տարածքը, ընդ որում ինչպես նշում են ադրբեջանական աղբյուրները՝ հերթական անգամ: Եվ վրաց սահմանապահները հերթական անգամ քայլ են արել դիվերսիան կանխելու ուղղությամբ: Խոսքը հիբրիդային, տեղեկատվա-քարոզչական դիվերսիայի մասին է, որ բեռնատարի վարորդը իրականացնում է Վրաստանի նկատմամբ:

Հատկանշական է, որ ըստ տեղեկության նրան հորդորել են հանել Իբրահիմովի նկարը, հենց հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով: Այսինքն, վրաց սահմանապահները որեւէ խնդիր չեն տեսնում թուրքական հեղաշրջման գործընթացում զոհվածի դիմանկարի հետ, բայց չեն թույլ տալիս, որպեսզի դրա կողքին լինի ադրբեջանցի դիվերսանտը՝ չցանկանալով որեւէ կերպ ներքաշվել հայ-ադրբեջանական հակամարտության այսպես ասած ադրբեջանա-թուրքական տրամաբանության շրջանակ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում