«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ ամիս «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բավականին հետաքրքիր մի իրավիճակի է ականատես եղել: Երևան-Մոսկվա չվերթից առաջ օդանավակայանի VIP սրահում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սրճարանում նստած, զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Այնուհետև, երբ նախկին վարչապետի հետ զրույցն ավարտվել է, այլ սեղանի շուրջ Վիկտոր Սողոմոնյանը հանդիպել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որը Մոսկվա էր մեկնում Չեխիա գնալու նպատակով:

Նիկոլ Փաշինյանի իշխանության արմատական ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանի աջ ձեռքը համարվող Վիկտոր Սողոմանյանն ու Նիկոլ Փաշինյանին հավատարիմ ներկայացող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երկար ու ջերմ զրուցել են:

Թե ինչի շուրջ են զրուցել վերջիններս, մեզ պարզել չհաջողվեց, քանի որ Սողոմոնյանը մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց, իսկ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ «Ժողովուրդ» օրաթերթին այդ թեմայով:

Հավելենք, որ Վիկտոր Սողոմոնյանի օրը ավարտվել է ՆՍՕՏՏ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ զրույցով: Թե ինչ կլինի հետո, դժվար է ասել: Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետը ավագանու նիստը չի վարել, քանի որ վատառողջ է: Ինչ է պատահել Մարությանին՝ դա էլ չկարողացանք պարզել. քաղաքապետի խոսնակը դարձյալ հրաժարվեց որևէ տեղեկություն տրամադրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: