«Արմավիր» ՔԿՀ-ում սեպտեմբերի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված Կ․Մ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած մայրը բանտի աշխատակցի ձեռքի շարժական դետեկտորով, ըստ կարգի, անձնական զննության է ենթարկվել, որի ժամանակ դետեկտորը ազդանշան է արձակել։


Բանտի աշխատակիցները կալանավորված անձի մորը հայտնել են, որ դետեկտորն իր սեռական օրգանների հատվածում ազդանշաններ է արձակում, ինչի համար իրենք արդեն լուրջ կասկածներ ունեն, որ այնտեղ արգելված իր կամ իրեր են թաքցված։ Սակայն կինը 2 ոտքը դնում է մի կոշիկի մեջ և բանտի աշխատակիցներին համառորեն համոզում, որ շարժական դետեկտորը խաբում է։

Ստուգումը կատարում են դարձյալ մի քանի անգամ, ու անընդհատ դետեկտորը ազդանշան է արձակում։ Տեսնելով, որ կինը համառորեն պնդում է, որ իր մոտ ոչ մի բան չկա, աշխատակիցները նրան թույլատրում են, որպեսզի տեսակցության գնա իր որդուն։

Տեսակցությունից հետո, երբ մայրը դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից, շարժական դետեկտորով մի քանի անգամ դարձյալ ենթարկվում է անձնական զննության, սակայն այս դեպքում դետեկտորը ազդանշան չէր արձակում։ Բանտի աշխատակիցները տեսակցությունից հետո որդու մոտ արգելված իրեր չեն հայտնաբերում։

Ունենալով լուրջ կասկածներ, քրեակատարողական հիմնարկի ծառայողները անձնական զննության են ենթարկում տեսակցությունների համար նախատեսված նույն սենյակում նույն ժամանակահատվածում իրենց մերձավորերի հետ տեսակցող այլ կալանավորված անձանց: Արդյունքում կալանավորներից մեկի Ս․Ս․-ի սպորտային կոշիկների միջից հայտնաբերվում է 2 բջջային հեռախոս։

Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ս․Ս․-ին հեռախոսները փոխանցել է կալանավորված Կ․Մ․-ն, ում տեսակցությունների սենյակում հեռախոսները տվել էր մայրը, ու իմանալով, որ տեսակցությունից հետո բանտի աշխատակիցները իրեն «շմոն» կանեն, հեռախոսները փոխանցում է Ս․ Ս․-ին, որպեսզի տեսակցության սենյակից նա դրանք դուրս բերի և հետո փոխանցի իրեն։

Փաստի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։