Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է թուրք երգչուհի Ասլը Հյունելը Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու (Մայր տաճար) խորանի վրա կանգնած երգում թուրքական էստրադային մի երգ։

Ներկաները խորանից ներքև կանգնած ձայնակցում ու ծափահարում են նրան։

Ծափահարողների և ձայնակցողների մեջ էր նաև Թուրքիայի տուրիզմի նախարար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Մեհմեթ Էրսոյի կինը՝ Փերվին Էրսոյը։

Նախարարի կնոջ՝ Փերվին Էրսոյի այդ վատ արարքը, որը թերևս կարող է դիտվել որպես մշակութային վանդալիզմի դրսևորում, կոշտ արձագանքի է արժանացել որոշ ընդդիմադիր գործիչների կողմից։

Օրինակ՝ «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, նախկին պատգամավոր Բարըշ Յարքադաշը տուրիզմի նախարարի կնոջ պահելաձևը դատապարտել է ոչ թե հայկական եկեղեցու նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի, այլ այն բանի համար, որ նա զվարճանում է այն ժամանակ, երբ արդեն հաղորդվել էր Վանում ձնահյուսի հետևանքով բազմաթիվ մարդկանց կյանքից հեռանալու մասին։

Փերվին Էրսոյը ոչ միայն ներողություն չի խնդրել կամ ափսոսանք չի հայտնել իր կատարած տգեղ արարաքի համար, այլև փորձել է արդարանալ՝ ասելով, որ ընդամենը ցանկացել է ստուգել եկեղեցու ակուստիկան: