ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սկսել են իրենց բանակցությունները Սոչիում։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Նախագահների «դեմ առ դեմ» ձևաչափով հանդիպումն ընթանում է ՌԴ նախագահի Սոչիի նստավայրում։ Ակնկալվում է, որ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն երկկողմ և ռազմավարական համագործակցության հարցեր։ Հատուկ ուշադրություն կդարձվի Դաշնակից պետության շրջանակներում ինտեգրմանը և խոշոր նախագծերին։

Պեսկովի խոսքով՝ բանակցությունները կտևեն «այնքան, որքան կպահանջվի»։ Նախագահները չեն ծրագրում հանդիպման արդյունքներով փաստաթղթեր ստորագրել և մամուլի ասուլիս անցկացնել։

Սոչի աշխատանքային այցը Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան ուղևորությունն է օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո։ Վեցերորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո Լուկաշենկոյի դեմ զանգվածային ցույցեր են տեղի ունենում արդեն 1 ամսից ավելի։