Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում հրմշտոց, քաշքշոց ու կռիվ էր: Մի քանի ոստիկաններ մի կնոջ էին բռնել՝ դիմակի համար: Վերջինս էլ պնդում էր, թե ինքը դիմակ կրել է: Ոստիկանները թույլ չէին տալիս, որ կինը գնա, ասում էին՝ սպասեք մեքենան գա, կինն էլ դժգոհում էր՝ «ի՞նչ մեքենա, հանցագո՞րծ եմ…ինձ վատ եմ զգում, թողեք գնամ»: Հետո կինը սկսեց գոռգոռալ, լաց լինել: Բանը հասավ նրան, որ խառնվեցին թաղի տղաներ, նրանք հորդորում էին ոստիկաններին կնոջ հետ ինչպես հարկն է խոսել. «Ո՞նց եք խոսում կնոջ հետ, ներվայնացրել եք»: Ոստիկանները կնոջ թեւից բռնած՝ փորձում էին բերման ենթարկել, նա ասում էր՝ «թեւս ջարդած ա»: Այս մասին հայտնում է Aravot.am -ը:

Մի քանի երիտասարդ տղաներ, չդիմանալով տեսարանին, փորձեցին միջամտել. «Արա, վատ ա, թող ջուր խմի…արա հո տեռորիստ չի, որ ըտենց եք տանում»: Սկսեց հրմշտոց: Փողոցի անցորդները մոտենում էին ոստիկաններին ու պատրաստակամություն էին հայտնում կնոջ փոխարեն ցանկացած տուգանք մուծել, միայն թե այդպես չվարվեն հայ կնոջ նկատմամբ:

Խառնաշփոթի մեջ ոստիկանները նկատեցին, որ իրենց գլխավոր թիրախը՝ դիմակ չկրած կինը չկա, փախուստի է դիմել ու սկսեցին վազել նրա հետեւից: Ավելի ուշ շենքերի արանքից ոստիկանները կնոջ թեւերից բռնած՝ նստեցրին ոստիկանական մեքենա ու տարան բաժին: