Yelaket.am-ը գրում է. 

Ռազմական բժշկի ունեցած մարդասիրական առաքելության, Ապրիլյան պատերազմի ընթացքում կատարված բժշկական ծառայությունների և այլ հարցերի մասին Yelaket.am-ի «Մեդիֆիլդ» խորագիրը կրող հարթակը ներկայացնում է վնասվածքաբան-օրթոպեդ, փոխգնդապետ Վահան Ոսկանյանի հարցազրույցը, որի առավել մանրամասները կներկայացվի «Մեդիֆիլդ» հայ-ամերիկյան առաջին բժշկական ամսագրում:

Վահան Ոսկանյանի փոխանցմամբ՝ մեր ռազմական բժշկության բոլոր օղակների կատարած որակյալ աշխատանքի շնորհիվ փրկվել են բազմաթիվ հայ զինվորների կյանքեր:

-Ե՞րբ որոշեցիք, որ պետք է ռազմական բժիշկ լինեք, և ո՞րն էր ձեր որոշման շարժառիթը:

-Ռազմական բժիշկ դառնալու որոշումս կայացրել եմ դեռևս մանկուց, քանի որ երկու մասնագիտությունները՝ զինվորականի և բժշկի, մեր ընտանիքում հոգեհարազատ մասնագիտություններ էին. պապիկս եղել է զինվորական, իսկ քեռիս՝ բժիշկ: Համատեղելով այս երկու մասնագիտությունները՝ որոշեցի դառնալ ռազմական բժիշկ:

-Ի՞նչ առանձնահատկություններով կամ հատկանիշներով պետք է օժտված լինի ռազմական բժիշկը, և որո՞նք են այն տարբերությունները, որ գոյություն ունեն ռազմական և քաղաքացիական բժշկի միջև:

- Ընդհանուր առմամբ, ռազմական բժշկությունն ու քաղաքացիական բժշկությունն իրարից ոչնչով չեն տարբերվում: Երկուսի նպատակն էլ նույնն է՝ բուժել հիվանդներին, կանխարգելել հիվանդությունները: Ի տարբերություն քաղաքացիական բժիշկների՝ Հիպոկրատի երդումից բացի մենք նաև զինվորական երդում ենք տալիս և պատասխան տալիս մեր համազգեստի համար: Չենք ընտրում մեր աշխատանքի վայրը, մեր ցանկացած միջավայրը. մենք վերադասի՝ հրամանատարության կողմից գործուղվում ենք այնտեղ, որտեղ մեր մասնագիտական հմտությունների կարիքը կա, և մեր մասնագիտական գիտելիքները կիրառում ենք այն տարածաշրջանում, որտեղ կա դրա անհրաժեշտությունը:

-Տեսակետ կա, որ ռազմական բժշկի մասնագիտությունը ամենամարդասիրականներից մեկն է, դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս կարծիքին:

- Ընդհանուր առմամբ, ամբողջ զինված ուժերն են կատարում մարդասիրական առաքելություններ, այդ առումով՝ անբաժան մաս չեն կազմում նաև ռազմական բժիշկները, ովքեր զինված ուժերի կազմով մարդասիրական առաքելության նպատակով մեկնում են այլ պետություններ: Միաժամանակ բուժօգնություն են ցուցաբերում թե՛ տվյալ պետություններում բնակվող մեր հայրենակիցներին, թե՛ տեղի ազգաբանկչությանը: Այդ իսկ պատճառով ռազմական բժիշկներն ամենամարդասիրական մասնագետներն են:

- Դու՛ք նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում որպես բժիշկ-վնասվածքաբան բժշկական ծառայություններ եք իրականացրել՝ կատարելով բարդ վիրահատություններ, փրկել ծանր վիրավորված զինծառայողների կյանքեր /արդյոք եղել են ռազմադաշտում բժշկական միջամտություններ/, եթե հետհայացք գցեք հիշյալ օրերին, ի՞նչ գնահատական կտայիք ձեր գործունեությանը, և ընդհանրապես, ի՞նչը կուզենայիք, որ այլ կերպ լիներ:

-Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք ի պատիվ մեր ռազմական բժշկության բոլոր օղակների՝ սկսած սանհրահանգիչներից, բուժակներից մինչև մասնագիտական բուժօգնության էտապ, կատարել ենք բազմաթիվ բարդ առաջադրանքներ և պատվով դուրս ենք եկել այդ խնդրից: Շնորհիվ սանհրահանգիչների և բուժակների մարտի դաշտում ցուցաբերվել է որակյալ առաջին բուժօգնություն, որի արդյունքում փրկվել են բազմաթիվ կյանքեր: Մեր վերադաս հրամանատարության կողմից կայացվել է որոշում, որպեսզի որակավորված մասնագիտական բժշկական էտապն ավելի շատ մոտեցնենք առաջնագծին. դրանով իսկ կրճատենք այն ոսկե ժամանակը, որն անհրաժեշտ էր վիրավորին, այսինքն՝ կրճատել ենք բուժտարհանման բազուկը: Այս մոտեցման արդյունքում, մենք կարողացել ենք փրկել բազում-բազում կյանքեր: Ցանկանում եմ շեշտել, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ այն ուղղվածությամբ, որտեղ ես ղեկավարել եմ, մեր թիմային աշխատանքի շնորհիվ բոլոր վիրավորները որոնք հասել են որակավորված բուժտարհանված էտապ՝ առողջացել են, մահ չի գրանցվել:

Առհասարակ կուզենայի պատերազմ չլիներ: Պատերազմը լավ բան չէ:

- Այդ օրերին առնչվող Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում արդյո՞ք կան առավել տպավորիչ դրվագներ:

- Ապրիլյան պատերազմի ժամանակ, մոտավորապես ապրիլի 4-ին, 5-ին, մենք բազմաթիվ նամակներ ստացանք: Տպավորիչը՝ մի փոքրիկ աղջնակի գրած հուզիչ բովանդակությամբ նամակն էր: Նամակում ընդհանուր առմամբ զինվորներին հղված բարեմաղթանքներ էին, բայց ուշագրավն այն էր, որ այդ նամակում փոքրիկի ձեռքով պատրաստված խաչ կար և վերջում մի տողով գրված էր՝ «Թո՛ղ խաչը պահապան լինի քեզ՝ իմ քա՛ջ զինվոր»:

-Ի՞նչ է Ձեզ համար ընտանիքը, ինչպե՞ս կբանաձևեք այն:

-Իմ ընտանիքը՝ կինս ու երեխաներս, որտեղ եղել եմ ծառայության բերումով, միշտ ինձ հետ են եղել: Ընտանիքը՝ ամրություն է, սրբություն, այն ուժ է ու եռանդ: Այն օգնում է, որ ավելի եռանդով քո ծառայությունը մատուցես հայրենիքիդ: Առանց ընտանիքի՝ շատ դժվար կլիներ տարբեր տեղեր ծառայել: Դրա համար միշտ պետք է, որ ընտանիքը լինի քո կողքին: Զինծառայողի համար դա շատ կարևոր է:

-Մենք այսօր էլ համարվում ենք պատերազմող երկիր, ռազմաբժշկական ծառայությունն այս առումով այսօր էլ առաջնային է ու պահանջված, ի՞նչ կհղեիք դժվարին առաքելություն իրականացնող Ձեր գործընկերներին, և ընդհանրապես, առաջնագծում օրուգիշեր կանգնած հայ զինվորին, սպային և այս բնագավառի մյուս բոլոր նվիրյալներին:

-Իմ կոլեգաներին՝ ռազմական բժիշկներին որպես բժիշկ կցանկանամ առողջություն, որոշումների մեջ լինեն հաստատակամ և իրենց մարդասիրական, բարդ մասնագիտությունը ի շահ ծառայեցնեն մեր զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, այսինքն՝ զինվորի առողջության պահպանմամբ բարձրացնենք մեր զինված ուժերի մարտունակությունը: Իսկ մեր զինծառայողներին կմաղթեմ ևս քաջ առողջություն, անամպ երկինք, ամենակարևորը՝ առողջ վերադառնան իրենց տուն:

-Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել մեր երկիրը:

-Ես կցանկանայի տեսնել հզոր, խաղաղ, առողջ հայրենիք:

 

Հարցազրույցին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ «Մեդիֆիլդ» հայ-ամերիկյան առաջին բժշկական ամսագրի առաջիկա համարում

Աղբյուր՝ Yelaket.am