ՀՀ կառավարությունը 100 տոկոս թափանցիկ է եղել եւ շարունակում է այդպիսին մնալ կորոնավիրուսի հարցով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուրախ եմ, որ այդ խնդրով քննիչ հանձնաժողով է ստեղծվում, որովհետեւ միշտ էլ օգտակար է նորից նայել հարցը: Ամենակարեւոր ցուցիչը օրական դեպքերի հարաբերակցությունն է թեստերի թվի հետ: Մենք այսօր արդեն երկար ժամանակ մի տոկոսի ենք հասել, որ ամիսուկես առաջ նույնիսկ չէինք կարող մտածել, որ կհասնենք դրան: Մեզ մոտ թեստավորվածների 5-6 տոկոսն է դրական դեպքերը: Սա նշանակում է, որ մենք շատ էֆեկտիվ հայտնաբերում ենք»,-ասաց նա:


Փաշինյանը հավելեց, որ միջազգային մամուլին եթե հետեւեք, կտեսնեք բազմաթիվ հրապարակումներ կան, որ երկրների մեծ մասն իրական տվյալներ չի հրապարակում կորոնավիրուսի հետ կապված. «Ես կարող եմ ասել, որ ՀՀ-ն այդ երկրների շարքում չէ: Այն ինչ գիտի կառավարությունը, գիտի նաեւ հանրությունը: Երկրներ կան, որտեղ օրական տվյալներն ուղիղ կախվածության մեջ են մեր հրապարակած տվյալների հետ: Մենք առավոտյան ենք հրապարակում, իրենք երեկոյան: Սինխրոն շարժվում են առաջ»:

Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանը հենց սկզբից նպատակ է դրել ապրել կորոնավիրուսի հետ. «Ռազմավարության մասով մենք 100 տոկոսով ճիշտ ենք արել, սակայն եղել են նաեւ թերություններ, ինչպես ամեն տեղ լինում է: Հանձնաժողովին էլ բարի երթ»:

Փաշինյանը նկատեց, որ կան շրջանակներ, որ մի կողմից կառավարությանը մեղադրում են կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու մեջ, մյուս կողմից ասում են՝ թող մարդիկ դիմակ չկրեն, դե եկեք ամեն ինչը բացենք, դե եկեք չտուգանենք, կորոնավիրուս չկա: «Գալիս են ամբիոնից ելույթ են ունենում, դիմակ չեն կրում: Կորոնավիրուսի ընթացքում մասնակցել են այդ քարոզչությանը: Ասում են՝ խի՞ եք ասել, թե կորոնավիրուսն ում շունն է, բայց ասում էին՝ բարի, չաղ ու հարուստ մարդիկ չեն վարակվում կորոնավիրուսով»,-ասաց նա: