Ռուս քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է ԼՂ հակամարտության սրմանը՝ գրառում կատարելով թվիթերյան միկրոբլոգում:

«Այսօր առավոտյան՝ զանգվածային ռմբակոծություններից և անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո, Ադրբեջանն անցել է հարձակման ամբողջ առաջնագծի երկայնքով»,- գրել է Սոլովյովը` մեջբերելով ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին:

Նա հավելել է, որ Հայաստանի զինված ուժերին հաջողվում է զսպել հակառակորդի գրոհները ՝ զգայուն կորուստներ պատճառելով Ադրբեջանի զինված ուժերին:

Հիշեցնենք, որ Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։

«Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-գրել է նա:

Հարձակման մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ՊԲ-ն հաջողությամբ ՊԲ-ն հաջողությամբ դիմակայում է հարձակմանը, կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին ու ամուր կանգնել պետության ու բանակի թիկունքին։

 Նյութի աղբյուրը՝ Tert.am