Ֆրանսիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև: Այդ մասին հաղորդվել է Կրեմլի կայքում:

«Հանգամանորեն քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը։ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հակամարտող կողմերին շուտափույթ և լիակատար հրադադարի, լարվածության թուլացման և առավելագույն զսպվածության դրսևորման կոչ են արել:

Ընդգծվել է, որ ԼՂ հակամարտության քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծումն այլընտրանք չունի։ Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության չափանիշները, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։

Պատրաստակամություն է հայտնվել, որպեսզի Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) ղեկավարների անունից զինված դիմակայության անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման օգտին հայտարարություն արվի»,- ասված է հաղորդագրության մեջ: