Սառեցված հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շատ թեժ է դարձել: Այն, ինչ Արեւմուտքում շատերին կարող է մանր բախում թվալ մեր մոլորակի հեռավոր անկյունում, իրականում նշանակալի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ շուկաների եւ երկու խնդրահարույց ղեկավարների` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնությունների համար, գրում է Bloomberg-ի սյունակագիր Ջեյմս Ստավրիդիսը:

Խորհրդային Միության փլուզման հետ սկսված մարտերը մղվում են Լեռնային Ղարաբաղում, որտեղ հայեր են ապրում: Այս լեռնային ինքնահռչակ հանրապետությունը (որը պաշտոնապես չի ճանաչվել նույնիսկ իր հովանավոր Հայաստանի կողմից) ունի 150 հազար բնակչություն, սակայն չափազանց ռազմականացված է: Ադրբեջանցիներն այս տարածքի նկատմամբ վերահսկողությունը կորցրել են 1990-ականների հակամարտության ընթացքում, որը 30 000 մարդու կյանք խլեց: Չնայած ռազմաշունչ հայտարարություններին եւ զենքի շաչյունին` նրանք այդպես էլ չկարողացան վերադարձնել այն ոչ դիվանագիտական, ոչ ռազմական ճանապարհով:

Հյուսիսատլանտյան դաշինքում ծառայելիս ես մի քանի անգամ այցելել եմ երկու երկրներ: Այդ ժամանակ նրանց պաշտպանության նախարարներն ատում էին միմյանց, եւ չնայած Հայաստանը եւ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի գործընկերներ էին` առանց դրան անդամակցելու (եւ փոքր ռազմական կոնտինգենտներ ուղարկեցին Աֆղանստան), ռազմական գերատեսչությունների երկու ղեկավարներն էլ կարող էին խոսել միայն միմյանց երկերեսության եւ ծախվածության մասին: Ցավոք, նրանցից յուրաքանչյուրը շատ ճշգրիտ կերպով արտահայտում էր իր ժողովրդի տեսակետը հարեւան երկրի վերաբերյալ: Ոչ ոք չէր ուզում եւ չէր պատրաստվում ոչ մի քայլ նահանջել` ինչպես բառացիորեն, այնպես էլ փոխաբերական իմաստով:

ՆԱՏՕ-ում իմ ծառայության չորս տարիների ընթացքում ադրբեջանցիները բազմիցս անվճռական հարձակողական գործողություններ են սկսել Լեռնային Ղարաբաղում, որոնք հայերը հեշտությամբ կանգնեցնում էին: Մեր հետախուզության համաձայն` եթե գործը հասներ լուրջ բախումներին, հայերը գրեթե հաստատ կհաղթեին: Ռուսաստանի Դաշնությունը զենք էր մատակարարում եւ զորավարժեցնում երկու կողմերից, եւ իրականում ռուսները որոշակի հանգստացնող ազդեցություն էին ունենում նրանց վրա: Բայց մենք գիտենք, որ երբ Պուտինը խաղաղարարի դեր է տանում, դա ոչ մի լավ բան չի խոստանում:

Ներկայիս սրման ընթացքում երկու կողմերն էլ, ինչպես միշտ, պնդում են, որ թշնամին առաջինն է հարձակվել: Հուլիսին մի քանի փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որոնց ընթացքում սպանվել են տասնյակ ադրբեջանցի էր զոհվել (հիմնականում` զինվորականները): Այժմ կորուստները մոտենում են հարյուրին: Կիրակի յուրաքանչյուր կողմը մոբիլիզացիա անցկացրեց եւ ռազմական դրություն հայտարարեց: Հայաստանը երեքշաբթի հայտարարեց, որ իր ինքնաթիռներից մեկը խոցվել է թուրքական F-16-ի կողմից: Թուրքիան հերքում է այդ մեղադրանքները:

Մյուս երկրները նույնիսկ չեն էլ փորձում միջամտել եւ բանակցություններ վարել հակամարտության կողմերի հետ հրադադարի ռեժիմի շուրջ: Նախկինում դա օգնում էր ինչ-որ կերպ մեղմել լարվածությունը, գոնե` ժամանակավորապես: Վերջին ջանքերը գործադրվել են այսպես կոչված Մինսկի խմբի կողմից, որում համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն: Սակայն 2010-ին այդ փորձերը ձախողվեցին:

Նոր բռնկման ժամանակ ամենավտանգավոր պահն այն է, որ Թուրքիան ու Ռուսաստանը ակտիվորեն աջակցում են հակառակ կողմերին։ Թուրքերը չեն սիրում հայերին եւ հանդես են գալիս իրենց հավատակից ադրբեջանցի մուսուլմանների կողմում։ (Հայաստանում մեկդարյա վաղեմության օսմանցի թուրքերի վայրագությունների մասին հիշողությունը ազգային գիտակցության մեջ կարեւոր գործոն է)։ Ռուսաստանը Հայաստանի հետ պաշտպանության վերաբերյալ պայմանագիր ունի եւ ռազմական ոլորտում նրա հետ սերտ կապեր է պահպանում։

Անհրաժեշտ է նշել, որ հակամարտող երկրների հարեւաններն են անվերջ անկայուն Վրաստանը եւ ԱՄՆ ամենաանկոտրում թշնամիներից մեկը՝ Իրանը։ Իսկ նավթի խոշոր հանքավայրեր ունեցող (7 մլրդ բարել հետախուզական պաշարներ՝ գումարած մեծ քանակությամբ բնական գազ) Ադրբեջանն ունի չափազանց խոցելի խողովակաշարեր, որոնք որոշ վայրերում հայկական սահմանից 16 կմ հեռավորությամբ են անցնում։

Լարվածության սրման պահերին ես մի քանի անգամ եղել եմ այդ տարածաշրջանում, բայց հիմա այնտեղ իրադրությունը միանգամայն այլ եւ ավելի վտանգավոր է թվում։ Վաշինգտոնն ամբողջությամբ զբաղված է առաջիկա ընտրություններով։ Թուրքիան եւ Ռուսաստանը կանգնած են հակառակ կողմերում (ոչ միայն Կովկասում, այլ նաեւ Սիրիայում ու Լիբիայում)։ Եվրամիությունը խրված է բրեքսիթի հանգուցալուծման եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Հունաստանի ու Թուրքիայի միջեւ լարվածության աճի մեջ։ ՆԱՏՕ-ն, որը գործընկերություն է պահպանում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, հայտարարում է, որ «կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները», եւ որ «գոյություն չունի հակամարտության ռազմական լուծում»։ Բայց դրա հետ մեկտեղ ոչ մի կոնկրետ բան չի առաջարկում։

Խաղաղ կարգավորման հնարավորությունները քիչ են։ Գործարքի կնքման մեջ վստահություն կարող էր ամրապնդել նոր տարբերակով Մինսկի խումբը, որն իր կազմում կներառեր Թուրքիային։ Պուտինը լավ հարաբերություններ ունի երկու երկրների ղեկավարների հետ, չնայած Ռուսաստանն ընդհանուր առմամբ անչափ ուժգին հակված է քրիստոնեական եւ օրթոդոքսալ Հայաստանի կողմը։ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Թուրքիան, հավանաբար, համատեղ ջանքերով կկարողանային հակամարտության կողմերին համոզել հետ շրջվել այն աղետալի ճանապարհից, որով ներկայումս գնում են։