ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Այս մասին հայտնում են ՊՆ-ի լրատվության ծառայությունից։

Դեսպանն իր ցավակցությունն է հայտնել վերջին օրերի մարտական գործողությունների հետեւանքով զինվորական եւ քաղաքացիական զոհերի կապակցությամբ, նշել, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ եւ ուշադրությամբ հետեւում է զարգացումներին:

ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ պաշտպանության բանակը կատարում է իր առջեւ դրված խնդիրները, զարգացնելով հաջողությունը եւ զսպելով հակառակորդի սանձազերծած ագրեսիան, իսկ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ եւ այդ գործընթացն արդեն սկսվել է։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտապես կապի մեջ լինելու եւ զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու մասին: