Աշխարհի տարբեր ծայրերից հույներ, ռուսներ, սերբեր և այլ ազգերի ներկայացուցիչներ են միացել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի և ահաբեկիչների դեմ կռվող հայ զինվորներին «Snikers» տեսակի շոկոլադե կոնֆետներ ուղարկելու ակցիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Greekcitytimes հունական լրատվամիջոցը:

Լրատվամիջոցը նշում է, որ Արցախի առաջնագծում առաջանում է սովորույթ, որն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց պետք է բարձրացնի հայ զինվորների մարտական ոգին` Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի դեմ մղվող կռիվներում:

«Առաջնագծում կանգնած հայ զինվորներն իրենց հայրենակիցներից «Snickers»-ներ են խնդրում, որպեսզի իրական գումարի փոխարեն, կարողանան դրանով գրազ գալ այն հարցի շուրջ` արդյոք Ադրբեջանի զինվորներին ու սիրիացի ահաբեկիչներին իրենց ուղղված հարվածները դիպուկ կլինեն, թե՞ ոչ»,- նշում է Greekcitytimes-ը:

Հունական լրատվամիջոցի փոխանցմամբ` Հայաստանում և ողջ աշխարհում ապրող հայ աղջիկները «Snikers» կոնֆետների վրա հետաքրքիր և զվարճալի հաղորդագրություններ են գրում և ուղարկում առաջնագիծ: Ակցիային արդեն միացել են նաև օտարազգիները` սերբերը, ռուսները, հարավամերիկացիները և այլ ազգերի ներկայացուցիչներ:

Greekcitytimes-ը ներկայացրել է օտարազգիների կողմից «Snickers»-ների վրա գրված հաղորդագրությունների մի քանի օրինակ.

«Մենք գիտենք` դու խիզախ ես: Մենք հիանում ենք քո քաջությամբ». Փեննի. Աթենք, Հունաստան:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորդ, որպես հաղթողներ վերադառնաք ձեր ընտանիքների մոտ». Էլենի. Աթենք:

«Մեկ այլ ցեղասպանություն չի լինելու: Մենք գիտենք, որ դուք կհոգաք դրա մասին: Սերբիան ձեզ հետ է, եղբայրներ». Դրագո. Սերբիա:

«Սիրելի զինվորներ, ես ձեզ հաղթանակ եմ մաղթում: Թող Տերը պահպանի ձեզ». Լիդիա. Սամարա, Ռուսաստան: