Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ: Այս մասին քիչ առաջ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Վերաքննիչը բողոքները մերժեց, դեռ որոշումը չի տվել, չգիտենք՝ ինչ է գրել, բայց սա այն դեպքերից ա, որ իմաստ էլ չունի: Կարող ենք արձանագրել, որ վաղը դատական համակարգի հոգեհանգիստն է...: Այսօր Վերաքննիչ դատարանն անզոր գտնվեց, նրա փոխարեն որոշում են կայացրել, բոլորն էլ գիտեն, թե ովքեր են որոշումը կայացրել: Սա խայտառակ որոշում ա լինելու»,- ասաց Սարգսյանը:

Պաշտպանը նշեց, որ իրենք պատրաստվում են Վճռաբեկ դատարան դիմել, թեպետ վստահ չեն, որ դատարանը, ըստ պաշտպանի, արդար որոշում կկայացնի:

Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 25․09․2020թ-ի որոշման դեմ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք։