Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն
Պարոն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին

Հարգելի պարոն Ղեբրեյեսուս,

Ձեզ եմ գրում՝ արտահայտելու իմ մեծ մտահոգությունը՝ պայմանավորված Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ Ադրբեջանի ռազմական ոտնձգությամբ:
Այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է COVID-19 համավարակի դեմ, երբ միջազգային հանրությունը կենտրոնացնում է իր ջանքերը՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար, և երբ բոլոր ղեկավարները, ներառյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կոչ են անում համաշխարհային հրադադարի, Ադրբեջանի զինված ուժերը, ձեռնարկեցին լայնածավալ օդային, հրթիռային և ցամաքային գրոհներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքներն ու դպրոցները, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչի արդյունքում ունենք բազմաթիվ զոհեր և ավերածություններ քաղաքացիական բնակչության շրջանում: Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին, ինչը խստորեն խոչընդոտում է կորոնավիրուսային հիվանդության ազգային, տարածաշրջանային և համաշխարհային արձագանքման ջանքերին և նպաստում վիրուսի տարածմանը:

Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական հարձակումը, որն իրականացվել է անմիջականորեն Թուրքիայի և Թուրքիայի կողմից սատարվող օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ, հանգեցրել է տարածաշրջանում հակամարտության ամենաուժեղ և կործանարար սրմանը 1990-ականներից ի վեր: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը գնալով ավելի շատ ավերածություններ է առաջացնում, զուգորդվելով COVID-19-ի համավարակի տարածումով:

Չնայած քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ մարդասիրական և բնապահպանական օբյեկտների անընդհատ ռմբակոծությանը, մեր բժշկական անձնակազմը կատարում է իր պարտականությունները՝ պայքարելով վիրավորների, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական ուժերի կանխամտածված և դիտավորյալ հարձակումների արդյունքում ծանր վիրավորված օտարերկրյա լրագրողների կյանքի ու առողջության համար: Ցավոք, իրենց ծառայությունը կատարելիս մահացու վիրավորվեցին նաև մի շարք բուժաշխատողներ: Հոկտեմբերի 11-ին, երբ հայտարարված է հրադադար, նույնիսկ այդ ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է վիրավոր տեղափոխող շտապօգնության մեքենան։

Հարգելի գլխավոր տնօրեն,

Ներկայումս մենք ականատես ենք մարդասիրական աղետի Արցախի Հանրապետությունում, երբ քաղաքացիական խաղաղ բնակչությունը զրկված է հիմնական բժշկական ծառայություններից և սարսափում է ռմբակոծություններից ու հրթիռային հարվածներից: Ողջ խաղաղ բնակչությունը՝ ներառյալ երեխաներն ու տարեցները, իրենց կյանքն ու առողջությունը կորցնելու մշտական ​​վտանգի տակ են:

Մենք հորդորում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը հանդիսանում է COVID-19 համավարակի դեմ պայքարի աշխատանքները համակարգող առաջատար կազմակերպությունը, համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով մարդասիրական աղետը կասեցնելու և COVID-19- ի երկրորդ ալիքի սրումը կանխելու համար:

Եթե ​​Ադրբեջանի կողմից այս զանգվածային ռազմական ագրեսիան շարունակի թիրախավորել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքները, ապա համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա վիրուսի կործանարար հետևանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին:

Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար