Իրանն Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, շարունակել բանակցությունները միջազգային իրավունքի շրջանակներում եւ հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է IRNA-ն:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը զսպման կոչ է անում երկու կողմերին` դատապարտելով հրթիռային հարվածները կենսական կարեւորության ենթակառուցվածքների, քաղաքների բնակելի թաղամասերի վրա եւ խաղաղ բնակիչների սպանությունը»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը` ափսոսանք հայտնելով ռազմական գործողությունների դադարեցման խախտման համար:

Խաթիբզադեն նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

Նա մեկ անգամ եւս կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին դուրս բերել ռազմական ուժերը գրավյալ քաղաքներից` հայտնելով Իրանի պատրաստակամությունը պարզեցնել բանակցությունները` տարածաշրջանում կայուն խաղաղության վերականգնման համար: