ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձեւ, որով կոչ է արվում Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից։ Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայկական կոմիտեն, բանաձեւը հեղինակել է Դեմոկրատական կուսակցության անդամ Թուլսի Հաբարդը։ Բանաձեւում նշվում է, որ Թուրքիան ակնհայտ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում, նաեւ ընդգծվում է, որ Անկարան ներքաշել է Ղարաբաղյան ռազմական գործողություններում «ԻՊ» ահաբեկչական կազմակերպության եւ այլ խմբավորումների գրոհայինների։

«Եվ սա այն դեպքում, որ ՆԱՏՕ-ն կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները եւ հարցը լուծել բանակցությունների միջոցով»,- ասված է ներկայացված բանաձեւի տեքստում։ Հաբարդը նաեւ ուշադրության է հրավիրել այն, որ Կանադան որոշել է դադարեցնել ռազմական մատակարարումները Թուրքիային, հաշվի առնելով, որ դրանք կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղում։