ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայաստանի հանդեպ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին։

«Դա դեռ գնահատել որպես ագրեսիա Հայաստանի նկատմամբ վաղ է։ Եթե եղավ հարձակում Հայաստանի վրա, այո, նախ մենք՝ ինքներս դիմենք ՄԱԿ-ին, որով մենք ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է։ Դիմում ենք նաեւ ՀԱՊԿ-ին, բոլորը համակարգված է, որտեղ արդեն կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին իրազեկվի ՄԱԿ-ը։ Այս մասն խոսելը դեռեւս վաղ է։ Եթե դու ունես փամփուշտ, որը կարող է կրակել, այդ փամփուշտը պետք է օգտագործել այն ժամանակ, երբ ինքը դատարկ չի»,- ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը, չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել անընդհատ ռեժիմով. «Առաջին դեմքերի մակարդակով նույնիսկ կա ինֆորմացիայի փոխանակում։ Այս պահին դա է արվում, կգա պահը, երբ կարվեն այլ քայլեր։ Բայց ես հույս ունեմ, որ հակառակը՝ այդ պահը չի գա»։