Lragir.am-ը գրում է. 

Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի արտգործնախարարը մեկնում է Մոսկվա` ռուսական կողմի հետ խորհրդակցության համար: Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի Մոսկվա մեկնելու մասին, որտեղ նախատեսվում է հանդիպում Սերգեյ Լավրովի հետ:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին Մոսկվայում 11 ժամ քննարկեցին հրադադարի համաձայնությունը, եղավ հայտարարություն, սակայն Բաքուն չպահեց հրադադարը:

Նախարարների այցը Մոսկվա առավել ուշադրություն է գրավում այլ հանգամանքների առումով:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բաքվի ղեկավար Իլհամ Ալիեւը երկու օր առաջ հայտարարել էին, որ պատրաստ են Մոսկվայում հանդիպել ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ: Ու թեեւ այդ նախաձեռնության մասին հրապարակավ հայտարարված չէ, սակայն չի բացառվում, որ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում, եւ արտաքին գործերի նախարարների մոսկովյան այցերը հնարավոր է այդ շրջանակում են:

Պուտինը մի անգամ արդեն իսկ հայտնվել է բավական անհարմար վիճակում, եւ մոսկովյան որեւէ հանդիպման նախաձեռնության մասին նրա անունից կբարձրաձայնվի այն դեպքում, երբ կա գրեթե բացարձակ երաշխիք, որ հանդիպումը որեւէ շոշափելի արդյունք կունենա:

Մնացականյանի եւ Բայրամովի մոսկովյան այցի մյուս հատկանշական ֆոնը հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում սպասվող հանդիպումներն են պետքարտուղար Պոմպեոյի հետ: Համատեղ հանդիպում հնարավո՞ր է, թե ոչ, առայժմ պարզ չէ:

Վաշինգտոնից առաջ փաստորեն տեղի են ունենում խորհրդակցություններ Մոսկվայում, կամ գուցե հնարավոր է ասել` «սլաքների ճշգրտում»: Այստեղ էլ առանցքային խնդիրն այն է, թե ինչ տրամաբանությամբ դա կարող է տեղի ունենալ. Մոսկվա-Վաշինգտոն համագոերծալցությա՞ն, թե մրցակցության:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբուր կայքում