Lragir.am-ը գրում է. 

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի կարող կարգավորվել առանց Թուրքիայի, ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: «Ռուսաստանը փորձեց լուծում գտնել եւ բանակցություններ վարել երկու երկրների ղեկավարների հետ, բայց դա չհաջողվեց անել: Այն, որ Թուրքիան ներկա չէր սեղանի շուրջ, մեծ բացթողում էր: Ալիեւն ասել է, որ առանց Թուրքիայի ոչ մի լուծում չի կարող լինել», ասել է Օքթայը:

Նա նաեւ հաստատել է Ադրբեջան զինվորականներ ուղարկելու Անկարայի պատրաստակամությունը` ղարաբաղյան հակամարտության մեջ սատարելու համար: «Մեր նախագահը այդ մասին հայտարարել է առաջին օրվանից: Թուրքիան չի տատանվի, մեր նախագահը չի տատանվի [այս հարցում]»:

Թուրքիայի փոխնախագահն արտահայտվել է հնարավորինս հստակ․ Անկարայի նպատակը Հարավային Կովկասում այս փուլում Ռուսաստանին հավասար դերակատարության հասնելն է կարգավորման գործընթացի միջոցով, որը մինչ այժմ մերժվել է թե Ռուսաստանի, թե Մինսկի խմբի համանախագահների կողմից։

Թուրքիան շարունակում է ճնշումն այս ուղղությամբ, որն արտահայտվեց Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության համաձայնագրի եւ Ղրիմի պատկանելության վերաբերյալ Անկարայի հայտարարությունների տեսքով։ Ներկայում դրան ավելանում է Ադրբեջան զորք մտցնելու սպառնալիքը։

Ղարաբաղյան պատերազմին զուգահեռ պատերազմ է ընթանում Բաքվի վրա ազդեցության համար, որին կարող է ներգրավվել նաեւ Իրանը։ Ռուսաստանը Հարավային Կովկասում իր դերակատարությունը պահելու համար առաջարկել է Լավրովի պլանը, որը շատ թույլ փաստարկ է ներկայիս բարդ իրավիճակում։ Բաքվի ու Անկարայի հետ պայմանավորվելու հիմքով քաղաքականությունը Ռուսաստանին կանգնեցրել է ոչ միայն Հարավային Կովկասը կորցնելու հեռանկարի առաջ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում