Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնեւում:
Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: Նրանք նշել են, որ հոկտեմբերի 24-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ են ունեցել Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաեւ մասնակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստիվեն Բիգընի հետ:

«Ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահներն ու արտաքին գործերի նախարարները քննարկել են անհապաղ մարդասիրական հրադադարի իրագործումը, հրադադարի պահպանման մոնիտորինգի հնարավոր մեխանիզմները եւ համապարփակ կարգավորման առանցքային բովանդակային տարրերի քննարկման մեկնարկը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն:

Արտաքին գործերի նախարարները եւ համանախագահները համաձայնել են հոկտեմբերի 29-ին հանդիպել Ժնեւում, որպեսզի քննարկեն, համաձայնության գան եւ սկսեն իրագործել բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ընդունած հիմնարար սկզբունքներին համաձայն», - ասված է միջնորդների հայտարարության մեջ: