Որպեսզի Ադրբեջանը Ղարաբաղի կապիտուլյացիան ցանկանալու փոխարեն՝ պատրաստ լինի փոխզիջումների, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է կենտրոնացնել բոլոր ուժերը, ու որևէ մեկը չի կարող հույս ունենալ, որ կգտնվեն ուժեր, որ այս հարցը կլուծեն: Վարչապետը, օրինակ, պատրաստ է գնալ սահման, կռվել, կյանքը տալ, եթե դա ուզի ժողովուրդը:
«Այ, հիմա մեկը էկրանին նստած ինձ, օրինակ, կարող ա ասի՝ «ա ինչ, կաբինետումդ նստել ես, դու գնա առաջնագիծ»: Հա, էլի գնամ առաջնագիծ: Ինչ-որ մեկը ստեղ պետք ա նստի: Եթե պահանջն էն ա, որ ես ստեղից գնամ, ես իմանամ, որ դա է ժողովրդի ուզածը, ես էդ էլ կանեմ: Ես ասել եմ Ազգային ժողովի ամբիոնից՝ ես պատրաստ եմ հանուն մեր հարենիքի զոհվելու: Բայց էստեղ պետք ա լինի… Կարող ա ասի, որ, ենթադրենք, Գլխավոր շտաբի պետը թող գնա, կամ ՊԲ հրամանատարը թող գնա, կռվի: Հա, շատ լավ: Բայց ինչ-որ մեկը պետք ա լինի, չէ՞, Պաշտպանության բանակի հրամանատար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այս հարցի մեկ լուծման տարբերակ կա.

«Հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ էս օրակարգին նվիրված լինի նույնպես և նույնչափ, ինչքան որ նվիրված և նվիրված կանգնած են այն զինվորները, որոնք իրենց դիրքը թեկուզ կյանքի գնով չեն լքում»:

Նիկոլ Փաշինյանը որպես արձանագրում՝ ասաց, որ մենք, բառիս բուն իմաստով, առյուծի նման կռվող տղերք ունենք առաջնագծում, բայց պետք է իմանանք նաև, Փաշինյանի բնորոշմամբ, «մարտի դաշտից փախածների մասին»:

«Էսօր էլ մենք ունենք էդպիսի երևույթ, և կան… իհարկե, պատերազմում փլավ չեն բաժանում, պատերազմում փլավ չեն բաժանում, իհարկե, պատերազմը որոշակի իր հետ բերում է նաև քաոսային իրավիճակներ, բերում է խառնաշփոթ և այլն, և էդպես շարունակ: Մեր հանրության մեջ պետք ա լինի էդ տրամադրությունը, որ որևէ պատճառաբանությամբ մարտի դաշտից փախածը պետք ա արժանանա հանրային ամենասուր պարսավանքին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, թե դրա համար որևէ պատճառաբանություն չի ընդունվելու:

«Մենք բոլորս պետք ա պատրաստ լինենք կանգնել, ինչը չի նշանակում, որ մենք չպիտի պատրաստ լինենք փոխզիջման: Ընդհակառակը, որպեսզի էսօր մենք փոխզիջումային լուծման հասնելու հնարավորություն ունենանք, մենք պետք ա կանգնենք, որովհետև, ասում եմ, Ադրբեջանը ուզում է, համաձայն է միայն Ղարաբաղի կա-պի-տու-լյա-ցիա-յին՝ բառիս բուն իմաստով, և հայտարարում է, որ այս ճանապարհին գնալու է մինչև վերջ: Հստակ է հայտարարում: Որպեսզի հնարավոր դարձնենք փոխզիջումը, որպեսզի հնարավոր դարձնենք կառուցողական խոսակցությունը, մենք պետք ա կանգնենք: Շատ դժվար է, շատ ծանր է: Սրա համար, էլի եմ ասում, մեզնից յուրաքանչյուրը պիտի իմանա, որ չկա ուրիշ մեկը, որ գնալու է էդ հարցը լուծի: Ամեն մեկս, եթե մենք ազգովի՝ Հայաստանում, Սփյուռքում, ամենուր, կին-տղամարդ կանգնեցինք, մենք Ադրբեջանի հետ կկարողանանք կառուցողական երկխոսություն ծավալել, չկանգնեցինք՝ ուրեմն, ուրեմն, փախնելու տեղ էլ չի լինելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև անդրադարձավ ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրությանը, որի համաձայն՝ բժիշկն ու քաղաքացին համաձայնության են եկել, որ գրեն, թե քաղաքացին կորոնավիրուսով հիվանդ է, որ զորահավաքից խուսափի: Ըստ Փաշինյանի՝ «պրոբլեմների պրոբլեմն» այն է, որ դեռևս այս հարցի շուրջ հանրության մեջ անառարկելի, դատապարտելի վերաբերմունք չկա՝ անկախ պատճառաբանություններից: Վարչապետը նաև կարծիք հայտնեց, թե եթե այդ մի դեպքն է բացահայտվել, ապա, թե՝ նման շատ դեպքեր կան:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հենց նման միտումներն են հիմքը, որ ռազմաճակատում կան անհանջողություններ:

«Էսպիսի դեպքերի արդյունքում բաց է մնում մեր զինվորների թիկունքը: Բաց է մնում մեր հատկապես էն զինվորների թիկունքը, ովքեր հերոսի նման կռվում են: Մենք էդ մարդկանց դավաճանում ենք: Այ սա դավաճանություն է: Ասում են՝ դավաճաններ չփնտրեք… չփնտրենք, չփնտրենք, բայց այն, ինչ տեղի ա ունենում, դավաճանություն ա, որովետև էդ մի կեղծ տեղեկանքով մարդը պիտի, կարող ա էդ զինվորին հաց հասցներ, կարող ա փամփուշտ հասցներ, կարող ա մեջքը պահեր: Բայց դա տեղի չի ունեցել: Էստեղ է պետք փնտրել մեր խնդիրները: Մենք կարողանո՞ւմ ենք այ արագ էս փոփոխությունը մեր մեջ անել, թե՞ չենք կարող: Եթե կարողանում ենք, մենք կգտնենք էդ ռեսուրսները: Եթե չենք կարողանում, մենք մեզ ինչի՞ ենք դատապարտում: Էս ա հարցը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, թե շարունակելու են աշխատել ու լինել մաքսիմալ ճկուն: