Սեպտեմբերի 27-ից՝ պատերազմական գորոծղությունները սկսելուց մինչև օրս, ԱԱԾ-ում իրականացված աշխատանքներն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց ԱԱԾ Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ այս ժամանակահատվածում ԱԱԾ-ն 24-ժամյա գրաֆիկով իրականացնում է իր պարտականությունները, այդ թվում՝ և արտաքին հետախուզության, հակահետախուզության, ռազմական հակահետախուզության ուղղությամբ:

«Ունենք դեպքեր պետական դավաճանության և լրտեսության բացահայտման, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման ուղղությամբ, ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերի գործունեության, տեղեկատվական անվտանգության և կիբեր հանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների և այլն»,- ասաց Ռաֆայել Վարդանյանը:

ԱԱԾ Քրեագիտական վարչության պետի խոսքով՝ վերջին 30 օրերի ընթացքում ԱԱԾ-ում գործել է շուրջօրյա թեժ գիծ, որով մինչև օրս ստացվել է 1551 ահազանգ, որոնք հիմնականում վերաբերել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին: Ռաֆայել Վարդանյանը նաև նշեց, որ նամակ-հաղորդագրություններ են ստացել ԱԱԾ ֆեյսբուքյան էջին, որոնց վերաբերյալ ձեռնարկվել են օպերատիվ գործողություններ: