Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանն այսօր կժամանի Հայաստան եւ կմեկնի Արցախ։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին ասաց օլիմպիական փոխչեմպիոնը։

Միհրան Հարությունյանը Արցախ է մեկնում հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով։ Նրան կմիանա արդեն Երեւանում գտնվող UFC մարտիկ, ռուսաստանաբնակ Էդուարդ Վարդանյանը։

Ավելի վաղ, NEWS.am Sport-ի հետ զրույցում Էդուարդ Վարդանյանը նշել էր, որ այցի նպատակը Արցախին, տեղի բնակչությանը, հիվանդանոցներին հումանիտար օգնություն ցուցաբերելն է։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Կողմերը 3 անգամ համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։