Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի, հանդես է եկել հայտարարությամբ.
«Արցախի Հանրապետությունը արդեն մեկ ամիս դիմակայում է Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակմանը, որին բացահայտ իր մասնակցությունն է բերում Թուրքիան՝ ներգրավելով ինչպես միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկան գրոհայինների, այնպես էլ թուրքական բանակի հատուկ ջոկատայինների և մատակարարելով գերժամանակակից մեծաքանակ զենքեր: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այս ընթացքում կիրառելով իր ողջ զինանոցը, այդ թվում և միջազգայնորեն արգելված զինատեսակները, թիրախավորում է Արցախի բնակավայրերը, նաև խնամատարական, կրթական, մշակութային և պաշտամունքային նշանակության բազմաթիվ շինություններ, ընդհուպ՝ Ստեփանակերտի ծննդատունը, ինչն աննախադեպ վարքագիծ է՝ անգամ ահաբեկչական խմբավորումների վարքագծի տեսանկյունից: Հայրենիքի պաշտպանության սրբազան պայքարում ունենք հարյուրավոր վիրավոր և նահատակ զինվորականներ, բնակավայրերի հրետակոծության հետևանքով կան բազում վիրավորվածներ և զոհեր խաղաղ բնակչության մեջ։
Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված այս ոճրագործությունների համար Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև այդ ոճրագործություններին աջակցող և անմիջական մասնակից ռազմաքաղաքական մյուս գործիչները պետք է կանգնեն միջազգային դատական ատյանների առջև և պատասխանատվության ենթարկվեն իբրև մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կազմակերպիչներ։
Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը, ի մասնավորի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, հավատարիմ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման սկզբունքներին, առավել գործնական, ազդեցիկ ու վճռական միջոցներ գործադրել արյունահեղության կասեցման, տարածաշրջանում խաղաղության վերահաստատման և արցախահայության ինքնորոշման և պարզապես մարդկանց կյանքի, ապրելու իրավունքի իրացման համար: Արցախի հարցը ռազմական ճանապարհով վճռելու, արցախահայությանը բնաջնջելու Ադրբեջանի քաղաքականությունը վերստին փաստում է այն իրողությունը, որ Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։
Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերը՝ ուղղված մարդասիրական հրադադարի հաստատմանը և պահպանությանը, որը երրորդ անգամը լինելով, բացահայտ խախտվում է Ադրբեջանի կողմից: Լիահույս ենք, որ Մինսկի խմբի համանախագահողների կողմից կգտնվեն արցախյան հակամարտության հանգուցալուծման ուղիներ և մարդկային անմեղ կյանքերը չեն զոհաբերվի սոսկ աշխարհաքաղաքական շահերին: Այսօր Արցախը կարիք ունի համայն աշխարհի հումանիտար աջակցության։
Աղոթում ենք, որ Տերը օրհնի Հայաստան և Արցախ մեր հայրենի երկիրը, ամենազոր Իր Սուրբ Աջի հովանու ներքո հույսով ու հավատքով զորավոր ու միասնական պահի մեր ժողովրդին և զորացնի բազուկը հայրենյաց մեր քաջարի պաշտպանների։
Թող Ամենողորմ Աստված խաղաղության մեջ պահի համայն աշխարհը՝ զերծ պատերազմի արհավիրքներից, ցավերից ու վշտերից»։