Lragir.am-ը գրում է. Հոկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի սկսեն հայ-ռուսական անհապաղ խորհրդակցություններ՝ «սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»», նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահին ռազմական փոխօգնության համար Հայաստանի վարչապետի դիմումը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ահակեբչական պատերազմի մեկամսյա ընթացքում ստեղծում է որակապես այլ իրավիճակ, որը կարող է դառնալ բեկումնային: Թե հատկապես ինչ բնույթ եւ ուղղություն կունենա բեկումը, դա կախված է մի շարք հանգամանքներից:

Վարչապետի դիմումը ժամանակագրական առումով հաջորդում է մի քանի ուշագրավ իրողությունների: Մասնավորապես, հոկտեմբերի 29-ի երեկոյան Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածեց հայտարարություն, որով իր քաղաքացիներին զգուշացնում էր անվտանգության նկատառումներից ելնելով չայցելել Արցախ եւ Հայաստանի որոշ տարածքներ: Այդպիսի հայտարարություն ԱՄՆ դեսպանատունն արել էր նաեւ սեպտեմբերի 26-ին, փաստորեն թուրքական հարձակումից առաջ: Բայց 26-ի հայտարարության մեջ Հայաստանի տարածքի առումով նշվում էր Դիլիջան Ազգային պարկից հյուսիս ընկած հատվածը: Նոր հայտարարության մեջ, որ եղավ հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էր ոչ միայն Արցախի ռազմաճակատին սահմանակից գոտիների, այլեւ օրինակ Վայոց Ձորի եւ Արարատի մարզերի առումով:

Ինչ խոսք, ներկայիս սպառազինության բնույթը պատերազմի պարագայում կրճատում է որեւէ հեռավորություն, այդուհանդերձ Վայոց ձորի եւ առավել եւս Արարատի մարզի հիշատակումը առաջացնում է հարց՝ արդյոք կա վտանգ, որ Թուրքիան կարող է բացել Նախիջեւանի ուղղությունը: Եվ արդյոք Հայաստանի վարչապետ Փաշինյանի նամակը Պուտինին պայմանավորված է այդ ռիսկերի գնահատումով եւ դրանք կանխարգելելու մղումով:

Միաժամանակ, վարչապետի դիմումը հաջորդել է Ժնեւում ավելի քան 6 ժամ տեւած հանդիպմանը, որտեղ հրադադարի պայմանավորվածություն չկա, բայց ձեռք է բերվել պայմանավորվածություն մի քանի հումանիտար միջոցառման, նաեւ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու վերաբերյալ: Սակայն Ժնեւում քննարկումների առանցքում թերեւս եղել է երկու բարդագույն հարց՝ հրադադարի պահպանման վերահսկման մեխանիզմներ եւ այդ համատեքստում գուցե նաեւ խաղաղապահների խնդիր:

Ի դեպ, հատկանշական է, որ Ժնեւին գրեթե զուգահեռ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ռոբերտ Օբրայենը, որ հոկտեմբերի 29-ի երեկոյան հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետի հետ, Կալիֆորնիայում հայերի հետ հանդիպմանն ասել է, որ ԱՄՆ նախաձեռնել է հակամարտության գոտում սկանդինավյան երկրների խաղաղապահների տեղակայման հասնելու գործընթաց: Օբրայենը ասել է, որ ճիշտ չեն համարում, որ խաղաղապահները լինեն Մինսկի խմբի համանախագահ որեւէ երկրից եւ Թուրքիայից:

Հայաստանի վարչապետը հոկտեմբերի 30-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը նպատակահարմար է դիտարկում ռուս խաղաղապահների առկայությունը, թեեւ դրա համար պետք է նաեւ Բաքվի համաձայնությունը: Կասկած չկա, որ Բաքվի համաձայնությունը կախված է Թուրքիայից, որը թերեւս ռուս խաղաղապահների կարող է համաձայնել, եթե լեգիտիմացվի Թուրքիայի ռազմա-քաղաքական ներկայությունն ու ներգրավվածությունը:

Ահա այդ ֆոնին, Հայաստանի վարչապետը, հղում անելով հայ-ռուսական դաշնակցային պայմանագրին, դիմում է Ռուսաստանի նախագահին՝ անվտանգային աջակցության տեսակն ու չափը քննարկելու համար:

Փաստացի, Հայաստանի դիմումը ստեղծում է վիճակ, երբ Ռուսաստանը պետք է որոշակիորեն ուղիղ մտնի խաղի մեջ արդեն ոչ թե որպես միջնորդ, այլ Հայաստանի դաշնակից: Դա արդեն իսկ քաղաքական նոր իրավիճակ է, որը էապես փոխում է պատկերը: Ընդ որում, փոխում է նաեւ այն դեպքում, երբ Ռուսաստանը համարժեք չի արձագանքում Հայաստանի դիմումին:

ՌԴ նախագահ Պուտինը մոտ 20 օր առաջ հայտարարեց, որ Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորություններին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում